Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանի առաջադրումը նախապես մեզ հետ չի համաձայնեցվել․ Աննա Կոստանյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն անցած երկու օրերին Տավուշի մարզում էր և չի լսել, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ միասին Ազատամուտ գյուղում սահմանազատում իրականացնեն։ Բայց նա նկատել է, որ «Գուգլի» քարտեզի համաձայն այդ և Տավուշի այլ գյուղերի որոշ հատվածներ անցել են Ադրբեջանի կողմը։

«Բայց պարզ չէ, այդպիսի պաշտոնական գործընթաց կա՞, թ՞ե ոչ։ Ես երեկ եմ վերադարձել և պատրաստվում եմ կառավարությանը պաշտոնական հարցում ուղարկել՝ պահանջելով ներկայացնե տեղեկատվություն՝ կա՞ նման գործընթաց, թե՞ ոչ»,- ասում է պատգամավորը։

Պատգամավորն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարեց, թե պետք է ուշադրություն դարձնել 1921թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական՝ Լենին-Քեմալ պայմանագրին։ «Ա1+»-ի հետ զրույցում էլ հավելեց, թե քանի որ առաջիկայում լրանում է այդ պայմանագրի 100 ամյակը, և դա խորհրդանշական օր է, լավ կլինի, որ Ազգային ժողովը հայտարարությամբ հանդես գա․

«Սրանք ՀՀ համար ցավալի և ճակատագրական ելք ունեցող պայմանագրեր են»,- ասում է նա։

Անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության՝ մասնավորապես «Հայրենիքի փրկության շարժմանը»՝ Ա․Կոստանյանն ասաց, որ նրանց չեն միացել, քանի որ հեռանկարային պլան չեն առաջարկում։

«Չէի վախենա ասել, որ մի փոքր ավելի ծայրահեղական են։ Իշխանությունը փոխելու սահմանադրական ճանապարհով տարբերակը կարծես թե մի կողմ է դրվում»,- հավելեց նա։

Նա նաև հիշեց, որ ամիսներ առաջ երբ 17 կուսակցությունների հետ քննարկում էին պայքարի ուղիները, վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը նախապես իրենց հետ չի համաձայնեցվել։

 

Մանրամասները՝  տեսանյութում