Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Ֆուտբոլի հրաշք աշխարհը՝ 40 քառակուսի մետրում (տեսանյութ)

Դեռ դպրոցական էր, երբ հեռուստատեսությամբ առաջին անգամ դիտեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Անասելի տպավորվեց Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի ու հատկապես թիմի «առաջին ջութակ» Պելեի խաղով ու այդ օրվանից երկրպագեց ֆուտբոլը:

Ֆուտբոլաֆիլ Գագիկ Եղիազարյանը ցույց է տալիս այն ամենը, որը հավաքվել է այդ սիրո շնորհիվ։

 «Հորեղբայրս ֆուտբոլասեր էր ու առաջին անգամ նա ինձ նվիրեց հայկական ֆուտբոլի տարեգիրքն ու «Հրազդան» ստադիոն տարավ «Արարատի» խաղը նայելու: Դա յոթանասունականներն էին ու «Արարատը» շատ լավ էր սկսել խաղալ: Հորեղբայրս, ես ու հայրս ոչ մի խաղ բաց չէինք թողնում»,- հիշում է  «Ա1+»-ի սպորտային մեկնաբան Գագիկ Եղիազարյանը:

Ֆուտբոլաֆիլ Գագիկը դարձավ ավելի ուշ՝ ութսունականներին:

 1980 թվականին Մոսկվայում Օլիմպիական խաղերի առիթով, ԽՍՀՄ տարբեր քաղաքների  կրպակներում հայտնվեցին արտասահմանյան, իհարկե սոցիալիստական երկրների սպորտային ամսագրեր:

 Երևանն էլ բացառություն չէր: Առաջին ամսագիրը, որ գնեց ֆուտբոլասեր երիտասարդը, չեխական «Ստադիոնն» էր:  Դրան հաջորդեցին հունգարական և լեհական ու խորվաթական հանդեսներն ու այսպես աննակատ դարձավ կոլեկցիոներ:

 Ութսունականների վերջին կապեր հաստատեց արևմտյան երկրների ֆուտբոլաֆիլների հետ և սկսվեց հետաքրքիր, բայց այդ տարիների համար ոչ այդքան անվտանգ, փոխանակման գործընթացը:

 Այսօր կոլեկցիոների բնակարանում ֆուտբոլային ամսագրերի, տարեգրքերի, բուկլետների, տոմսերի, նամականիշների ու աքսեսուարների անթիվ ու եզակի նմուշներ կան, որոնք խնամքով պահվում են:

 Ինչպես  Գագիկն է կատակում՝  հաշվել է՝ քառասուն քառակուսի մետրում տեղավորվել է  ֆուտբոլի հրաշք աշխարհը։

Մարադոնայի ոտքերը, չկայացած խաղի տոմսը, ֆուտբոլասերներին հայտնի եւ անհայտ պատմություններ՝  տեսանյութում