Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-SvXwlhoKny
A A
Հասարակություն

«Ա1+»-ի հայտարարությունը

 Այս հայտարարությունը չէր լինի,  երբ ամբողջ խմբագրությունով մի քանի անգամ չլսեինք լրատվամիջոցներից մեկով տարածված  տեսանյութը։  Փորձում էինք համոզվել՝ սխալ ենք ընկալում, թե պետք է հավատանք մեր ականջներին։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների շրջանում հարցում անող՝  տվյալ լրատվամիջոցի  լրագրողը ներկայանում էր «Ա1+»-ից,  ընդ որում  այսպիսի բառերով՝  «Ա1+»-ն է, եղբայր, հոպար, ինչը խախտում է մեր լրատվամիջոցի որդեգրած էթիկայի կանոնները։

Զարմանքը, նաեւ վրդովմունքը, մեծ էր, բայց որոշեցինք սոցիալական ցանցերում հայտարությունների փոխարեն առաջինը դիմել տվյալ լրատվամիջոցի խմբագրին։

 Մենք չենք հրապարակում լրատվամիջոցի կամ լրագրողի անունը, քանի որ խմբագիրը, ներողություն խնդրելով, հեռացրեց տեսանյութը։   Ըստ նրա՝  լրագրողը ստիպված է եղել չներկայանալ տվյալ  լրատվամիջոցից, քանի որ հայտնի չէր տվյալ պահին ինչպիսին կարող  էր լինել իր  հարցերից զայրացած՝ Փաշինյանին սատարողների արձագանքը։

Այս լրատվամիջոցը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին  ընդդիմադիր լինելը։

Հաշվի առնելով երկրում առկա լարվածությունը, երկու ճակատների՝ տարբեր լրատվամիջոցների լրագրողների հանդեպ հաճախ անբարյացակամ վերաբերմունքը, «մերոնքական եւ ոչմերոնքական» բաժանումը`  գուցեեւ հասկանալի լիներ  լրագրողի  կոնկրետ տվյալ պահին պահվածքը, բայց կա այլ խնդիր։

Որեւէ մեկը կարո՞ղ է չափել, թե  տվյալ լրագրողը  ինչ  կարծիք  եւ վերաբերմունք է  ստեղծել մի լրատվամիջոցի հանդեպ, որն ինքը չի ներկայացնում։

«Ա1+»-ն իր անունը եւ հեղինակությունը ձեռք է բերել  30 տարվա աշխատանքի արդյունքում․ յուրաքանչյուր աշխատակցի համար կարեւոր է չվնասել այդ հեղինակությունը։

 «Ա1+»-ի լրագրողները պարտավորված են  հարգալից վերաբերմունք դրսեւորել  զրուցակցի հանդեպ՝ անկախ նրանից իշխանություն է, թե ընդդիմություն, բարձրաստիճան պաշտոնյա, թե սովորական քաղաքացի։

«Ա1+»-ը Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը ստորագրած ԶԼՄ-ների ցանկում  է․ սա շատ լավ հասկանում են  աշխատակիցները եւ խստորեն հետեւում են այդ նորմերին։

Ավելորդ չէ հիշեցնել, որ  «Ա1+»-ի լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:

«Ա1+»-ը չի արտահայտում որեւէ  խմբի տեսակետը. բաց է անխտիր բոլոր քաղաքական ուժերի  եւ  հասարակական սեկտորի  ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե դրանք չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական, ռասայական վիրավորանք:

Ի դեպ, հնարավոր է այս անգամ էլ  հայտարարություն չանեինք, քանի որ նախկինում էլի եղել են դեպքեր, երբ լարված իրավիճակներում՝  ցույցերի, հանրահավաքների ժամանակ այլ լրատվամիջոցի օպերատորը զայրացած քաղաքացիներին ներկայացել է  «Ա1+»-ից, որպեսզի հերթական անգամ չլսի «եթե  ցույց չեք տալու, ինչու եք նկարում» կամ «նկարում, այլ բան եք ցույց տալիս»  արտահայտությունները, բայց այս դեպքում, ինչպես նկատում եք, խոսքը  լրագրողի մասին է, որը թյուրիմացության մեջ է գցում   եւ հարցեր ուղղում  շարքային  քաղաքացիներին։

Բացի այդ, ընդամենը մի քանի ամիս առաջ, ինչ-որ անհայտ մեկը հանդես էր եկել իբրեւ  «Ա1+»-ի աշխատակից, քաղաքացու վստահությունը չարաշահելով՝  պարտքով գումար վերցրել․ գործը ոստիկանությունում է։

 «Ա1+»-ը խնդրում եւ պահանջում է  իր գործընկերներից՝   անկախ հանգամանքներից զերծ մնալ մեր  լրատվամիջոցի անունն օգտագործելով զրուցակցի վստահությունը չարաշահելուց։

Իսկ մեր հանրությանը հորդորում ենք  անպայման   պահանջել լրատվամիջոցի ներկայացուցչի քարտը`  բեյջը։   Կասկածի  կամ ցանկացած հարցի դեպքում զանգահարեք մեզ՝  +37410 585427 հեռախոսահամարով, գրեք  մեր  սոցիալական ցանցերին եւ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]ին։

Սիրելի հեռուստադիտող, սիրելի ընթերցող,  եւս մեկ անգամ ընդգծում ենք՝  ձեր հավատարամությունն ու  վստահությունն են  խթանում մեր աշխատանքը,  պարտադրում ոսկե կանոնը՝  ներկայացնել  անաչառ  եւ օբյեկտիվ լրատվություն՝  անկախ մեր տրամադրությանը, եղանակին եւ քաղաքական զարգացումներին։