Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պուտինն անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին, որ հայտարարի, թե «Իսկաները» չի կրակել․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Իսկանդերը ռուսական զենքերի զենքն է, Ռուսաստանն ամբողջ աշխարհին ասում է, տեսա՞ք, ինչ զենք ունենք։ Ու հիմա ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի ղեկավարն ասում է, դա զենք չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսական «Իսկանդերին» վերաբերող՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ն․Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմում՝ «Իսկանդերը» չկիրառելու կամ Շուշիի ուղղությամբ կրակելու մասին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկմանը՝ հարց էր բարձրացրել, թե «գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

Այս հայտարարությունից հետո Ն․Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վ․Պուտինի հետ։ Այնուհետև նրա մամլո խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարություն տարածեց, թե «Վարչապետին այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»:

Ս․Գրիգորյանն ասում է, թե Ն․Փաշինյանի այդ հայտարարությունը հարվածում է ՌԴ ռազմարդյունաբերության վարկանիշին։ Ավելին, Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ թուրքական և իսրայելական զենքերն ավելի արդյունավետ են եղել, և այդ պատճառով ՌԴ-ն ընկել է «շոկի» մեջ։

«ՌԴ զենքը վարկաբեկվեց ողջ աշխարհում, շատերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում զենքի շուկան՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Թուրքիա։ Թուրքական և Իսրայելական զենքեը ջախջախեցին ռուսական զենքը։ Դա նշանակում է, շուկայում ՌԴ-ն կորցրեց դիրքերը, իսկ դա նշանակում է տասնյակ միլիարդների հասնող թվեր։ Այդ գումարը ՌԴ-ին օդի պես է պետք, քանի որ պատժամիջոցների տակ է։ Եվ պնդում եմ, որ Պուտինը անձամբ խնդրեց Նիկոլ Փաշինյանին, որ այդ հայտարարությունն անի, թե իրեն ճիշտ չեն զեկուցել»,- հավելում է քաղաքագետը։

Վերջինս նաև հավելում է, թե Արցախյան պատերազմում ՌԴ-ն ընդհանուր առմամբ աջակցեց Ադրբեջանին՝ չաջակցելով Հայաստանին։ «Որ ՌԴ-ն մեզ չաջակցեց, ամբողջ հայությունը գիտի, այստեղ ես բացահայտում չեմ անում։ Բայց մենք ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում ու բոլոր տեղերում քվեարկում էինք այնպես, ինչպես ուզում էր ՌԴ-ն։ Ադրբեջանը բոլոր տեղերում դեմ էր քվեարկում ՌԴ նախաձեռնություններին, բայց, տեսաք, ՌԴ-ն աջակցեց Ադրբեջանին։ Ուրեմն խոնարհվելը երաշխիք չէ, որ այդ երկիրը քեզ կաջակցի, ուրեմն դու պետք է գործընկեր և ոչ թե ստրուկը լինես»,- ասում է Ս․Գրիգորյանը։

Վերջինս նաև հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը կարողացավ հարավային ուղղությամբ ճեղքել և հասնել Շուշի․ «Ի դեպ շատ հետաքրքիր է, որ Ալիևը դադարեց պնդել, թե գրավել է Շուշին։ Մենք գիտենք, որ Շուշին չեն գրավել։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ վարկածը գալիս է ՌԴ-ից, փորձագետներից։ Ասում են ՀՕՊ-ը չաջակցեց, և հարավից կարողացան առաջ գալ»։

 

Մանրամասնները՝  տեսանյութում