Օնիկ Գասպարյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինԵթե նախագահը վարչապետի հրամանագիրը չի ստորագրել և չի ուղարկել Սահմանդրական դատարան, ապա իրավունքի ուժով այն մտնում է ուժի մեջ, այսինքն՝ սրա իրավական կարգավորումն այն է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Այս մասին «Ա1⁺»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով նախագահի որոշմանը։
Ինչ վերաբերում է հարցին, որ առանձին դիմումով նախագահը դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Գյոզալյանը մեկնաբանում է․
«Նախագահը իր սահմանադրական իրավունքից օգտվում է և դիմում է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարց բարձրացնելու պահանջով, սա լրիվ այլ ընթացակարգ է, որը իրավական առումով որևէ կապվածություն չունի առաջին հարցի հետ։ Իհարկե, չի բացառվում, որ եթե ՍԴ-ի որոշումը որևէ ձևով ազդի Օնիկ Գասպարյանի իրավունքների կամ շահերի վրա, վերջինս կարող է դիմել Ընդհանուր իրավասության դատարան վիճարկելու այդ հրամանը, որով իրեն պաշտոնից ազատել են»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանիքից ազատելու վարչապետի հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: