Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը

ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆպաուիրը մեկնաբանել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի այդ երկրի հավաքականի կազմում հանդես գալու որոշումը:
   
«ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի տեղափոխությունը Միացյալ Նահանգներ: Քանի դեռ նա բնակություն չի հաստատի ԱՄՆ-ում, ֆեդերացիան իրավաբանորեն ոչ մի կապ չի կարող ունենալ շախմատիստի հետ: Ինչպես բոլոր  տրանսֆերների ժամանակ, ԱՄՆ շախմատի ֆեդերացիան իրավունք չունի հրավիրել շախմատիստին կամ վճարել նրա տեղափոխության համար: Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի պատրաստենք շախմատիստի փաստաթղթերը, ելնելով ՖԻԴԵ-ի պահանջներից», - հայտարարել է ֆեդերացիայի նախագահը:
 
Սենթ-Լուիսում գտնվող շախմատային ակումբը այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի Լևոն Արոնյանը կտեղափոխվի Միսուրիի նահանգի Սենթ-Լուիս քաղաք և առաջիկա մրցաշարերում հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի տակ:
 
Հավելենք, որ Լևոն Արոնյանին ԱՄՆ է հրավիրել Սենթ-Լուիս քաղաքում անցկացվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի գործարար Ռեքս Սինքֆիլդը, ով նույնպես խոսել է հայ շախմատիստի տեղափոխության մասին:
 
«Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթում խաղում է դեռևս առաջին մրցաշարից սկսած, 2013 թվականից: Այդ տարիների ընթացքում ես նրան ճանաչել եմ որպես անզիջում պայքարող մարզիկի և իսկական ջենթլմենի: Երբ նա դիմեց մեզ և ցանկություն հայտնեց տեղափոխվել Սենթ-Լուիս և հանդես գալ ԱՄՆ-ի հավաքականից, ես հասկացա, որ դրանից լավ առաջարկ չկա: Ողջունում ենք նրան և գրկաբաց ընդունում», - ասել է ամերիկացի գործարարը: