Քլորի փոխարեն
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին Սյունիքի մարզկենտրոնի բնակիչներին մատակարարվող խմելու ջրի մեջ շեղումներ չկան ու ջրի որակը համապատասխանում է սահմանված բոլոր նորմերին:
Հուլիսի 3-ի երեկոյան Կապանի "Սոսի" հեռուստաընկերությամբ նման հայտարարություն է արել «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը:
«Այն լուրերը, որ քաղաքի կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին, չեն համապատասխանում իրականությանը։ Պետք չէ խուճապի մատնվել»,-ասել է նա:
Նշենք, որ նախօրեին հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը լրագրողներին հայտարարել է, որ «թեպետ ախտածին ֆլորա չենք հայտնաբերել ջրի մեջ, բայց որակական շեղումներ արձանագրվել են»: «Դա վարակազերծումը ոչ ճիշտ կազմակերպելու հետեւանք է։ Վարակազերծումը կատարվել է ոչ թե հեղուկ քլորով, այլ քլորակրի հաբերով»,- ասում է տիկին Մալինցյանը:
Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ «քլորակրի հաբերի դոզավորումը եւ հաշվարկները սխալ են կատարվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի ջրի որակը զգալիորեն վատանա»։
Տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը չի հերքում, որ հեղուկ քլոր չլինելու դեպքում քլորակիր են օգտագործում:
«Տարբերություն չկա, նույն նյութերն են, ու ջուրը վարակազերծվում է: Չգիտեմ, գուցե մի օր պատկերը այլ չի եղել ու նման ենթադրության են հանգել հակահամաճարակաբանները»,-ասում է Հ. Գևորգյանը:
Ի դեպ, օգտվելով առիթից, տեղամասի պետը նաև հայտարարեց, որ իրեն պաշտոնանկ չեն արել ու ինքը պարզապես արձակուրդում է:
Նշենք, որ «Հայջրմուղկոյուղու հարավային մասնաճյուղի Կապան» տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատարը այժմ Արամ Սարգսյանն է:
Արմեն Դավթյան