Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի 3 բռնցքամարտիկներ արդեն ապահովել են բրոնզե մեդալները Սոֆիայի մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» թվով 72-րդ միջազգային մրցաշարում:

Մեր 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթել է ամերիկացի Չառլի Շիհիին և մտել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսաստանցի Իլյա Պոպովի հետ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակիչում պարտության է մատնել ղազախստանցի Բաուրժան Բայգոնշեկովին:

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույն փուլում խնդիրներ չի ունեցել բրազիլացի Աբներ Ջունիորի հետ մարտում: Մեր այս երեք բռնցքամարտիկներն արդեն առնվազն ապահովել են բրոնզե մեդալներ:

Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը 5:0 հաշվով վստահ հաղթել է Բուլղարիան ներկայացնող կուբացի բռնցքամարտիկ Յորդան Մորեխոնին և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել է ուզբեկ Բոբո-Ուսմոն Բատուրովին և դուրս մնաց պայքարից։ Այսօր քառորդ եզրափակիչ մրցամարտեր կանցկացնեն մեր երեք բռնցքամարտիկները՝ կանանցից Անի Հովսեփյանը (69 կգ), տղամարդկանցից՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և գերծանր քաշային Հովհաննիսյանը:

Մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան փետրվարի 26-ին, իսկ եզրափակիչները՝ փետրվարի 27-ին: