Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Պապյան
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի նահանջը կա տարածաշրջանում, բայց ես սա պայմանավորում եմ Թուրքիայի հետ փոխադարձ համաձայնությամբ․ Արա Պապյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, որում ակնարկել է Գյումրիի ռազմաբազայի մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին և հայտարարել, որ երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։ «Ա1 +»-ը մեկնաբանության համար դիմել է  «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Արա Պապյանին:

-Պարո՛ն Պապյան, ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա, մինչդեռ, որոշ ժամանակ առաջ, քաղաքական որոշ ուժեր խոսում էին Սյունիքում երկրորդ ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ տեսակետ ունեք Դուք։

-Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի անհրաժեշտությունը չկա, որովհետև ռազմաբազա՝ չի նշանակում, որ դա պետք է լինի միայն Գյումրիում, ըստ գործող պայմանագրի, այն կարող է իր ստորաբաժանումներն ունենալ և տեղակայվել Հայաստանի տարբեր մասերում, հետևաբար, իրավականորեն երկրորդ ռազմաբազա բացելու անհրաժեշտություն չկա, իսկ տեղակայել ինչ-որ ստորաբաժանումներ Սյունիքում և այլն, այս հարցի նպատակահարմարությունը, խնդիրները պետք է դիտարկել առանձին։

-Վաղարշակ Հարությունյանը նաև հայտարարել է,  թե ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Ես ուզում եմ հիշեցնել, որ գործող միջպետական պայմանագրով Ռուսաստանը ստանձնել էր ոչ միայն նախկին սովետական սահմանների պաշտպանությունը, այլ նաև Վրաստանի  և Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանությունը, և դա ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ երկարաձգվեց ռազմաբազայի տեղակայման ժամանակահատվածը, բայց դա բազայի  հետ կապ չունի դա առանձին սահմանապահ զորքերն են, այսինքն՝ եթե սահմանների պահպանության հարցն է, ապա այլ հարց է, եթե ռազմաբազան է՝ պետք է հստակեցվի, որ մասը և ինչպես պետք է տեղափոխվի, բայց օրենսդրական խոչընդոտներ չկան, նպատակարհարմարությունը քննարկելի է։

Այս ամենը դիտարկելով ռուս-թուրքական հարբերությունների համատեքստում՝  ի՞նչ կարող ենք ենթադրել։

Ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ջերմանում են և այդ ջերմացումը հենց երևում է Ռուսաստանի՝ ավելի նահանջի տեսքով։ Ռուսաստանը զիջում է որոշ բաներ Թուրքիային, օրինակ՝ Աղդամի դիտորդական կենտրոնում հավասարապես ներկայացված են ռուսներ և թուրքեր, սա անհասկանալի մեծ  զիջում է Ռուսաստանի կողմից, որովհետև, ըստ էության, Թուրքիան չպետք է նման ձևով ներկայացված լիներ մի քանի պատճառով․ առաջինը՝ որովհետև եռանախագահության անդամ չէ և եթե տեղակայաված լինեին, պետք է տեղակայված լինեին  ամերիկյան և ֆրանսիական դիտորդներ, երկրորդն էլ՝ ցանկացած դիտորդական առաքելություն պետք է չեզոքության հիմքի վրա լինի, իսկ մենք տեսնում ենք, որ Թուրքիան պատերազմի կողմ է եղել և չեզոք չի եղել։

Գոնե ապացուցված է զենքի մատակարարումը, ապացուցված է հատուկ զորքերի ներգրավվածությունը, ապացուցված է թուրքական գեներալների կողմից ադրբեջանական զինուժի ղեկավարումը, կասկած չի հարուցում վարձկանների տեղափոխումը Թուրքիայի կողմից Հույսիսային Սիրայից։ Հետևաբար՝ Թուրքիան չպետք է լիներ դիտորդական խմբի անդամ, Ռուսաստանի նահանջը կա տարծաշրջանում , բայց ես սա պայմանավորում եմ փոխադարձ համաձայանությամբ։ Ռուսները դրա դիմաց Թուրքիայից զիջումներ են ստանում Սիրիայում և Ղրիմում, այսինքն՝ հերթական անգամ ռուսները մեր հաշվին վճարումներ են իրականացնում և ստանում են ինչ-որ բաներ։