Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հոկտեմբերի 4-ին հասան Շուշի․ Մկրտիչ Մուրադյանը նույն օրը զոհվեց թշնամու արձակած արկի պայթյունից (տեսանյութ)

Ամեն առավոտ ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Մուրադյանը բոլորից շուտ գալիս, նստում էր բաժնի մուտքի մոտի նստարանին ու դիմավորում մյուսներին, իսկ որտեղ Մկրտիչ Մուրադյանն էր, այնտեղ հումոր էր, ծիծաղ ու աշխատանքային օրվա լավատեսական մեկնարկ։

Մկրտիչ Մուրադյանը ոստիկանության Կումայրիի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալն էր։ Մինչ այդ ծառայել էր որպես օպերլիազոր, համայնքային ոստիկան, պրոֆիլակտիկայի տեսուչ և այլն։ Քսան տարուց ավելի ոստիկանության համակարգում էր։
2020 թվականի պատերազմին զինվորագրվեց և գործընկերների հետ նախ մեկնեց մարտական պատրաստություն անցնելու։

Բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ՝ Մկրտիչ Մուրադյանն ու գործընկերները մեկնեցին Արցախ: Հոկտեմբերի 4-ին հասան Շուշի։ Մկրտիչ Մուրադյանը նույն օրը Շուշիի մշակույթի տանը զոհվեց թշնամու արձակած արկի պայթյունից…

Մկրտիչ Մուրադյանը ծառայության ընթացքում սիրահարվել էր գործընկերուհուն՝ Արմանուշ Մովսեսյանին։ 2004-ին ընտանիք էին կազմել: Ունեն մեկ զավակ։

Ապագա բժիշկ ու նաև նկարիչ որդին՝ Ռաֆայելը, իր ստեղծագործություններում հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկան հորն էլ է պատկերել։ Ողջ կյանքում նրան կուղեկցեն հոր խորհուրդներն ու պատգամները, որոնք Ռաֆայելին կդարձնեն արժանի հոր արժանի զավակ։