Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանի թիմը չպահեց առավելությունը, Մխիթարյանի թիմը՝ պահպանեց. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումները:

Ամենամեծ անակնկալը մատուցեց նորվեգական «Մյոլդեն», որը «Հոֆենհայմի» հետ խաղի առաջին կեսից հետո չնայած զիջում էր 1:3 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ վերականգնել հավասարությունը և փրկել խաղը՝ 3:3: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը հանդես է գալիս գերմանական թիմի կազմում, փոխարինման մտավ խաղի 62-րդ րոպեին, սակայն ոչնչով աչքի չընկավ:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Հռոմի «Ռոման», հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց երկրորդ գոլին՝ հաշվենկատ փոխանցումով սկսելով եռաքայլ կոմբինացիան:

Այս փուլում առավել հաջող հանդես եկան անգլիական ակումբները, որոնք տարան երկու հաղթանակ, իսկ երկու հանդիպում ավարտեցին ոչ-ոքի: «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին», իսկ Լոնդոնի «Տոտենհեմը»՝ ավստրիական «Վոլֆսբերգերին»՝ 4:1: Լոնդոնի «Արսենալը» Լիսաբոնում ոչ-ոքի խաղաց տեղի «Բենֆիկայի» հետ՝ 1:1, իսկ «Լեսթերը» Պրահայում չկարողացավ կոտրել «Սլավիայի» դիմադրությունը՝ 0:0:

Հաջորդ փուլ մտնելու համար լավ նախադրյալներ ունեն նաև Դոնեցկի «Շախտյորը», Զագրեբի «Դինամոն», Գլազգոյի «Ռեյնջերսը» և Ամստերդամի «Այաքսը», որոնք արտագնա հաղթանակներ տարան և առավելություն ստացան պատասխան խաղից առաջ: Իսկ ահա իտալական «Նապոլին» հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց իսպանական «Գրանադային»: 1/8 եզրափակիչ մտնելու համար նեապոլյան ակումբը պատասխան խաղում պետք է նվազագույնը հաղթանակ տանի 3:0 հաշվով:

Հայ ֆուտբոլասերներին քաջածանոթ Բելգրադի «Ցրվենա Զվեզդան», որը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում պայքարից դուրս էր բերել Երևանի «Արարատ-Արմենիային», այս փուլում սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց իտալական «Միլանի» հետ, չնայած Սերբիայի չեմպիոնը խաղի վերջին 15 րոպեն անցկացրել է 10 ֆուտբոլիստով: Փրկարար գոլը 90+3 րոպեին խփել է Միլան Պավկովը:

1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղերը տեղի կունենան փետրվարի 25-ին: