Ինչու Գևորգ Պետրոսյանը հեռացավ ԲՀԿ-ից․ նրա կուսակիցների արձագանքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկն եմ և չեմ պատրաստվում լքել կուսակցությունը։ Դեռ 2015 թվականից ինձ անընդհատ հարցնում են դուրս գալու մասին, բայց այդ հարցադրումները չեն կարող ճնշել իմ քաղաքական կամքը», - այսօր ճեպազրույցի ընթացքում մի քանի լրատվամիջոցի ասել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ինքն ակտիվ զբաղվել է բոլոր ծրագրերով, որ իրականացրել է կուսակցությունը՝ ելույթներ է ունեցել և ճեպազրույցներ է տվել, օրենսդրական նախաձեռնությունների մշակումներին մասնակցել է, մարզային այցելություններ է իրականացրել, և ինչպե՞ս է ստացվում, որ այդքանից հետո ինքը լքում է կուսակցությունը․
«Ես ինքս ինձնից կարո՞ղ եմ հեռանալ։ Ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև մշակող եմ, ինչպե՞ս կարող եմ հեռանալ», - ասաց Միքայել Մելքումյանը։
Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ նա մեկնաբանություն տալ չցանկացավ, միայն ասաց, որ դուրս գալու որոշումից հետո չի զրուցել Գևորգ Պետրոսյանի հետ, բայց դրանից առաջ դուրս գալու մասին ոչ մի խոսակցություն չի եղել․
«Ես կարծում եմ, որ կուսակցությունում կա կոլեկտիվ մտքի և կոլեկտիվ վերլուծության ինստիտուտ։ Այնպես չէ, որ ամեն մի անհատ պատգամավոր ինքն է որոշում ու ասում՝ ես այսպես եմ գտնում։ Դա պետք է քննարկվի կուսակցությունում։ Պատգամավորը նախ կուսակցության գիծն է պաշտպանում», - ասաց նա։
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ճեպազրույցի ընթացքում նույնպես խոսեց Գևորգ Պետրոսյանի կայացրած որոշումից․
«Ոչ մի խոսակցություններ և տարաձայնություններ, այդ թվում Գագիկ Ծառուկյանի հետ, չեն եղել։ Ավելին՝ մեծ փոխադարձ հարգանք ունենք իրար հանդեպ։ Պարոն Ծառուկյանի վերաբերմունքը նույնպես դեպի պարոն Պետրոսյանը միշտ էլ հարգանքով է եղել», - ասաց նա։
Արման Աբովյանը նշեց՝ բոլորի համար անակնկալ էր այդ քայլը և պարոն Ծառուկյանի կողմից հեռանալու ոչ մի հորդոր չի եղել, դա նրա սեփական որոշումն էր։
Ավելի վաղ ArmNews-ի հետ հարցազրույցում Գևորգ Պետրոսյանը նշել էր, որ որևէ անձնական խնդիր չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ և հիմա էլ նրան համարում է իր ավագ ընկերը․
«Պարզապես ես ըմբոստ մարդ եմ և շատ անգամներ իմ քաղաքական ակտիվությունը գնահատվել է ավելորդ, որը նաև անդրադարձել է կուսակցության վրա։ Ոչ միայն կուսակցության ներսում է ավելորդ համարվել, չնայած կան այնտեղ մարդիկ, որ գնում, ասում էին՝ տեսնում եք՝ ձեզ զոռով հանում է իշխանության դեմ և այլն։ Բայց դա կարևոր չէ։ Ինձ համար կուսակցության մեջ լինելը զսպաշապիկ էր», - ասաց նա։
Գևորգ Պետրոսյանը նշել էր՝ պատգամավորի մանդատը չի վերցրել, որ ինչ-որ մարդկանց հաճոյանա, այլ իրականացնի իրավաչափ այն ակնկալիքները, որ ժողովուրդն իրավունք ունի պահանջել իր կողմից ընտրած պատգամավորից․
«Ինձ համար մեկ կարևոր սկզբունք կա՝ պետականության շահը գերակա է կուսակցական շահից, ես այդպես եմ մտածում ու կարծում եմ՝ բոլոր պատգամավորները պետք է այդպես մտածեն», - ասաց նա։
Գևորգ Պետրոսյանն արդեն երրորդ անգամ է դուրս գալիս ԲՀԿ-ից, նրա խոսքով՝ առաջին անգամ ինքնակամ է դուրս եկել, երկրորդը՝ հեռացրել են, այս անգամ էլ կրկին իր կամքով է դուրս գալիս․
«Կուսակցությունը կնիկ չի, որ հետը պսակվես ու պետք լինի դատարանով կամ ինչ-որ գույքային պահանջներով բաժանվես։ Ոչ մի տեղ գրված չի, որ պատգամավորը պիտի ծառայի կուսակցության շահերին», - ասել էր նա։
Տեսանյութը՝ Ֆակտոր-ի եւ Թերթ-ի