Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մոսկվայում որոշեցին, որ Սերժը հեռանա և ուղարկեցին Կարեն Կարապետյանին, բայց ժողովուրդը քարտերը խառնեց»․ Սեֆիլյան (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բեւեռն այսօր հավաք-երթի ընթացքում հայտարարեց՝ մարտի 16-ին կազմակերպելու է մեծ հանրահավաք և ձևավորելու նոր դիմադրական շարժում։

«Սասնա ծռեր» շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին  հրամանատար, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք կառավարության հրաժարականի պահանջը լինելու է իրենց օրակարգում, ասաց՝  իրենք նոյեմբերի 9-ից սկսած պահանջում են այս իշխանությունների հրաժարականը. 

«Մենք ուզում էինք այս վիճակից լուծումը գտնել երկխոսությամբ: Ենթադրում էինք, որ տեղի ունեցած արհավիրքից հետո բոլոր ուժերը ներազգային հակասությունները մի կողմ կդնեին, երկխոսության միջոցով լուծում կգտնեին: Բայց դժբախտաբար հատվածապաշտական, ռեւանշիստական հայտնի ուժերը մոսկվաներ գնալ-գալով, թեւերի տակ ձմերուկներ դնելով, որ հեսա-հեսա իշխանությունը վերցնում են, կարիքը չունեն որեւէ մեկի՝ արդեն 3 ամիսը անցավ: Մենք հասկանում ենք՝ այսպես երկար չենք կարող համբերել: Ունենք որոշում: Մեր առաջարկությունը, որ եղել է փակ սենյակներում, հանդիպումների ժամանակ, այդ օրը պետք է բարձրաձայնենք ու ժողովրդի պարտադրանքի դեպքում դա կյանքի կոչենք»: 

Սեֆիլյանը Հայաստանի բոլոր մարզերից իրենց  համախոհներին կոչ արեց համախմբվել և սկիզբ դնել այս ճահճից դուրս գալուն:

 Հարցին, թե արդյո՞ք համարում է, որ ուժեր կան, ովքեր ցանկանում են իշխանության գալ Ռուսաստանի միջոցով, Սեֆիլյանն ասաց. 

«Նեխած սենյակներից դուրս բերված շրջանակներ հանկարծ ակտիվացել են եւ անամոթաբար մեր երկրում բարձրացնում են օտարի դրոշը ու պահանջում մեր պետականության վերջը։ Այսօրվա նոր սերունդը պարտք ունի 100 տարի առաջ ապստամբություն իրականցրած մեր հայրերի առաջ, որոնց ազգային պետություն ստեղծելու նպատակը կիսատ մնաց»: 

Սեֆիլյանը նաեւ ընդգծեց՝ իրենց նպատակը այլընտրանք դառնալն է, նրա խոսքով՝  մեր ժողովրդի մեծ մասը չի ուզում նախկին իշխանությունների վերադարձը, չի ուզում նաեւ, որ ներկաները մեկ օր իսկ մնան, նոր ուժ են ուզում.

 «Մենք վստահ ենք, որ այդ նոր ուժի ձեւավորումը Ազգային-ժողովրդավարական բեւեռին հաջողվելու է»: 

Սեֆիլյանը չբացառեց նաև, որ կլինի այլ ուժերի հետ համագործակցություն․

«Մենք վստահ ենք, որ մեր երկրում կուսակցական դաշինքներով ոչ մի գործ առաջ տանել հնարավոր չէ, այս ընթացքում եթե այսօրվա չակերտավոր ընդդիմադիրները ինչ-որ չափով լրջանան և հասկանան, որ օր առաջ այս վիճակից դուրս գալու համար պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնել, այդ ժամանակ հնարավոր կլինի թեկուզ նրանցից ինչ-որ շրջանակների հետ գործակցել»։

Սեֆիլյանը դրական է գնահատում այլևս իշխանության չհավակնելու Սերժ Սարգսյանի որոշումը, ասում է՝ թող մնացածները օրինակ վերցնեն․

«Ինչ վերաբերում է Սերժենց և այսօրվա իշխանության գզվռտոցին, երկու կողմից փորձում են արդարանալ և ժողովրդին համոզել, որ նրանց կողմից զիջելու միջոցն ավելի ճիշտ էր, քան մյուսի, այս դեպքում Սերժ Սարգսյանը փորձում է օգտագործել վայրագ պատերազմի հետևանքով մեր ունեցած հազարավոր զոհերի հանգամանքը և մեղադրել գործող իշխանությանը՝ մոռանալով, որ այս ամենի հիմքերը նրանք են ստեղծել, ոչ սերժսարգսյանները արդարանալու հիմքեր ունեն, ոչ էլ այսօրվա ղեկին հայտնված անձը»,-նշեց  նա։

Սեֆիլյանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է․ ասաց՝ այն կարծիքին չէ, որ Սերժ Սարգսյանն է որոշել, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության․

«Սերժը որոշել էր ինքը մնար ղեկին, 2016-ից հետո, այսինքն՝ ՊՊԾ-ի գրավումից հետո Մոսկվայում որոշեցին, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և ուղարկեցին Կարեն Կարապետյանին, երկու տարիների ընթացքում մոսկովյան հայտնի շրջանակները Սերժ Սարգսյանին հուշում էին, որ  պետք է հեռանա, Սերժ Սարգսյանը խաբեց նրանց և ընտրվեց վարչապետ, նրանք պատրաստվել էին և որոշեցին ժողովրդական ճնշմամբ բերել Կարեն Կարապետյանին, բայց ժողովուրդը քարտերը խառնեց, ոչ ոք չէր սպասում այսպիսի ակտիվություն, այդ հանգամանքից օգտվեց Նիկոլ Փաշինյանը, և Կարեն Կարապետյանի պրոյեկտը հեռացվեց»։