«Վիշապները» վախեցրին «Ծեր տիկնոջը», իսկ «Բորուսիան» Սևիլյայում գերակատարեց պլանը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու խաղերը կրկին արդյունավետ ստացվեցին:
Նախ Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուն» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսին»: «Վիշապները» հաշիվը բացեցին արդեն առաջին րոպենին, երբ «Ծեր տիկինը» դեռ չէր հասցրել «արթնանալ քնից»: Երկրորդ կեսի սկզբում նրանք նույնը կրկնեցին՝ անսպասելի գրոհով անակնկալի բերելով «տարեց սինյորայի» զավակներին:
Սակայն, հանդիպման վերջում հյուրերը ի վերջո «կազդուրվեցին» և տիրեցին նախաձեռնությանը: Հանդիպման 82-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան ետ բերեց մեկ գնդակ, իսկ քիչ անց Մորատան չկարողացավ օգտագործել 100 տոկոսանոց գոլային պահը և շանս թողեց «վիշապներին» պատասխան հանդիպումից առաջ:
Երկրորդ խաղում իսպանական «Սևիլյան» իր հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»: Դաշտի տերերը մինչ այդ 9 անընդմեջ հաղթանակ էին տարել ազգային առաջնությունում՝ այդ խաղերում բաց թողնելով ընդամենը մեկ գոլ: Այդ ցուցանիշը, ինչպես նաև արդեն 7-րդ րոպեին տանտերերի խփած գոլը, չընկճեց հյուրերին: Նրանք նախ արագ հավասարացրին հաշիվը, իսկ մինչև առաջին խաղակեսի ավարտը նորվեգացի հրաշամանուկ Էրլինգ Հոլանդի տաղանդի հաշվին խփեցին ևս երկու գնդակ՝ գերակատարելով իրենց պլանը: Դաշտի տերերը երկրորդ խաղակեսում ընդամենը կարողացան նվազագույնի հասցնել հաշվի տարբերությունը՝ 2:3:
Այս զույգերի պատասխան խաղերը կկայանան մարտի 9-ին: Իսկ ահա այս փուլի մնացած չորս առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին և 24-ին: