Ստեֆանոս Ցիցիպասը ընդհատեց Ռաֆայել Նադալի հաղթարշավը և մտավ կիսաեզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Ավստրալիայի տղամարդկանց բաց առաջնության քառորդ եզրափակիչ վերջին խաղում աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալն անսպասելի պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին և դուրս մնացել պայքարից։
Հանդիպումը տևել է 4 ժամ 5 րոպե։ Իսպանացի թենիսիստը սկզբում հաղթել է երկու սեթում՝ 6։3, 6։2 և շոշափելի առավելություն ստացել։ Սակայն երրորդ սեթում նա թայ-բրեյքում զիջել է 6։7 հաշվով։ Այդպիսով՝ ընդհատվել է Ռաֆայել Նադալի 35 սեթից բաղկացած անընդմեջ հաղթանակների շարքը։ Դրանից հետո նախաձեռնությանը տիրել է հույն թենիսիստը, որը նախ հավասարեցրել է ընդհանուր հաշիվը՝ 6։4, իսկ հինգերորդ սեթում տարել վերջնական հաղթանակը՝ 7։5։
Ստեֆանոս Ցիցիպասը երկրորդ անգամ է հաղթանակ տոնել՝ մեկնարկու երկու սեթ զիջելուց հետո։ Ռաֆայել Նադալը, հակառակը, երկրորդ անգամ է պարտություն կրել՝ սկզբում երկու սեթում պարտվելուց հետո։ Մնացած 223 դեպքում նա հաղթական ավարտի է հասցրել խաղերը։
Կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը, որը պայքարից դուրս է բերել իր հայրենակից Անդրեյ Ռուբլևին։ Մյուս խաղում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կհանդիպի մրցաշարի ամենամեծ հայտնության՝ ռուսաստանցի Ասլան Կարացևի հետ։