Համագործակցությունը կշարունակվի արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից․ ՇՄ նախարարը՝ Մարիյասինին
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակության կազմում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին Հայաստանի Հանրապետությունում կատարած իր առաքելության համար։ Նախարարը բարձր է գնահատել պարոն Մարիյասինի անհատական ջանքը՝ Հայաստանում շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող ծրագրերի հաջողման հարցում և հույս հայտնել, որ նրան հաջորդողի հետ համագործակցությունը կշարունակվի արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ կտանեն բոլոր մեկնարկած ծրագրերը։ Նախարարը նաև լիահույս է, որ պարոն Մարիյասինի սերը Հայաստանի հանդեպ նոր կարգավիճակում ևս խթան կհանդիսանա մեր երկրի հետ ավելի լայն ու մասշտաբային համագործակցությունների համար։
Դմիտրի Մարիյասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հատկապես 2018 թվականից հետո հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։ Նա խոստացել է անել հնարավորը «կանաչ օրակարգի» պահպանման համար Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական։