Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մասնավոր մանկապարտեզ կարելի է, պետական՝ ոչ․ ակցիա քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Պետական մանկապարտեզներում ընդունելությունները վերսկսելու պահանջով Երևանի քաղաքապետարանի դիմաց ծնողներն ակցիա էին իրականացնում։ Եկել էին երեխաների հետ։

Ծնողների խոսքով՝ ընդունելության համար հերթագրվել են 2019 թվականի սեպտեմբերից, կարանտինի պատճառով մեկ տարի սպասել են, այժմ նորից երկարաձգել են կարանտինն ու մանկապարտեզների վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել.

«Շուրջ 100-ից ավելի ծնող համախմբվել է այս խնդրի շուրջ։ Մինչ այս դիմել ենք և՛ քաղաքապետարան, և՛ համայնքապետարան ու բոլոր տեղերից տարբեր պատասխաններ ենք ստացել, ամեն մեկը տարբեր ժամկետներ է նշում», - ասաց ծնողներից Լուսինե Սարգսյանը, ում փոքրիկը հերթագրված է 2 տարեկանից, սեպտեմբերին կլրանա նրա 4-ամյակը և նրան դեռ մանկապարտեզ չեն ընդունել։

Երեխաների՝ մանկապարտեզ չգնալը, Լուսինե Սարգսյանի խոսքով, լուրջ խնդիր է ծնողների համար, քանի որ նրանք ստիպված են չաշխատել և երեխային պահել։ Իսկ մասնավոր մանկապարտեզների ամսավճարն էլ թանկ է, որոնցում, ի դեպ, ընդունելություն կա և դրանք աշխատում են․

«Եթե պետական մանկապարտեզներում այսքան ուշադիր հետևում են հակահամաճարակային կանոններին, ինչո՞ւ չեն հետևում նաև մասնավոր պարտեզներին։ Որքան մասնավոր պարտեզներ բացվեցին այս ընթացքում և լեփ-լեցուն են։ Թող գնան, ստուգեն՝ պահո՞ւմ են կանոնները», - ասաց նա։

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը դուրս եկավ և պատասխանելով ծնողների հարցերին ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրին ու քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու համար։

«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ այս հարցին լուծում տալու համար։ Օրերս կհրավիրվի ասուլիս և ավելի մանրամասն ու հստակ կներկայացվեն նորությունները», - ասաց նա։

Հակոբ Կարապետյանը նշեց, որ միշտ էլ Երևանում եղել է խնդիրը, որ մոտավորապես 6-8 հազար երեխա իր հերթին է սպասել։ Իսկ անցյալ տարի՝ համավարակի պատճառով, ընդունելություն չի եղել և թիվը կտրուկ աճել է։