Մեծ բասկետբոլ Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Միկա» մարզադահլիճում կմեկնարկի բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարը, որին կմասնակցեն 7 երկրների հավաքականներ:
Մեր ընտրանին վիճակահանությամբ ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մոլդովայի, Անդորայի եւ Ջիբլարթարի ընտրանիները: 2-րդ ենթախմբում ընդգրկված են Շոտլանդիայի,Մալթայի եւ Ուելսի հավաքականները:
Հենց այդ առիթով Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը եւ ՖԻԲԱ-Եվրոպայի փոխնախագահ Ջոն Գոնսալեսը:
«Հպարտ ենք, որ ՖԻԲԱ-ն այս տարվա Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարի անցկացումը վստահեց անցկացնել Հայաստանում, ինչը խոսում է այն մասին, որ միջազգային կառույցներն արդեն վստահում են մեր երկրին անցկացնելու միջազգային մրցումներ թիմային մարզաձեւերից», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Ջոն Գոնսալեսը տեղեկացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը: «Այն ստեղծվել է 1988 թվականին նպատակով, որ բասկետբոլի մրցաշարեր անցկացվեն փոքր երկրներում: C դիվիզիոնի մշտական անդամներ են համարվում Անդորան, Ջիբլարթարը, Մալթան, Սան Մարինոն եւ Մոնակոն: Մնացած մասնակիցներին հրավիրում է ՖԻԲԱ-ն: Նշեմ, որ Սան Մարինոն ու Մոնակոն այժմ չունեն կանանց հավաքական, ուստի այդ երկրները բացակայում են այս առաջնությունում»:
Հավելենք, որ ՖԻԲԱ-ն հրավերք էր ուղարկել նաեւ անցած տարվա մրցաշարին մասնակցած Ադրբեջանի հավաքականին, սակայն վերջինս հրաժարվել է հանդես գալ Երեւանում:
Այսօր տեղի կունենա երեք հանդիպում: Առաջինը մրցասպարեզ կմտնեն Մոլդովայի եւ Անդորայի հավաքականները: Ժամը 16:00-ին կկայանա առաջնության հանդիսավոր բացման արարողությունը, իսկ 45 րոպե անց կսկսվի Հայաստան - Ջիբրալթար խաղը: Մրցումների առաջին օրը կավարտվի Շոտլանդիա - Մալթա մրցախաղով: Բոլոր խաղերի մուտքը անվճար է։