Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է մտածեն լրատվամիջոցների համբավի մասին, դա իրենց գործն է․ Բորիս Նավասարդյան
Աջակցիր «Ա1+»-ինԱնհայտ ծագման աղբյուրներին հղում տալու արգելքն ընդունելի չէ և արդյունավետ չի կարող լինել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, համաձայն որի՝ լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել տեղեկատվություն՝ հղում կատարելով անհայտ ծագման էջերին կամ ալիքներին։
Ըստ Նավասարդյանի՝ սա բացի անիմաստ սկանդալներից, այլ բանի չի կարող հանգեցնել։
Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների պնդումներին, թե սա արվում է, որպեսզի ավանդական լրատավամիջոցներն ու անհայտ ծագման աղբյուրները հանրության աչքում մեկ հարթության մեջ չդրվեն, Նավասարդյանն ասում է․
«Ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչնեը պետք է մտածեն ավանդական լրատվամիջոցների համբավի մասին, այլ դա լրատվամիջոցների գործն է, թե ինչպես են իրականացնում կոմունիկացիան սպառողների հետ»։
Իշխանական պատգամավորների պնդումներին, թե անհայտ էջերն ու ալիքները ավանդական լրատվամիջոցների հղումների հաշվին գովազդվում են, Նավասարդյանն ասում է՝ այդ խնդիրը կա, բայց հարցը հասարակության մեդիագրագիտության մեջ է, այլ ոչ թե օրենսդրության․
«Տարբեր երկրներում դրա վերաբերյալ կան նախաձեռնություններ, այդ թվում՝ նաև ուղղակի լրատվամիջոցների ցուցակների հրապարակում, որոնք նույնականացվող են, թափանցիկ են ծագումնաբանության առումով հասարակության առջև և դրանով հուշում են սպառողներին, որ սրանք են վստահելի աղբյուրները, եթե ցանկանում եք օգտվել անվստահելի աղբյուրներից, ապա գնացեք, օգտվեք այլընտրանքային լրատվամիջոցներից»։
Ինչ վերաբերում է այս կամ այն հրապարակման համար պատասխանատվություն կրելուն, այդ հարցը ևս ունի լուծում,-վստահեցնում է Երևանի մամուլի ակումբի ղեկավարը․
«Կոնկրետ ապատեղեկատվության բովանդակության համար, անկախ նրանից՝ որ աղբյուրից է այն վերցված, հղում տված է, թե ոչ, պատասխանատվության համակարգը գործում է։ Եթե աղբյուրը չի նույնականացվում կամ չի նշում, ապա հենց հրապարակողն է կրում ամբողջական պատասխանատվություն, եթե որևէ այլ լրատվամիջոցից է վերցրել, որը նույնականցվում է և կարող է պատասխանատվության ենթարկվել, ապա, բնականաբար, պատասխանատվությունը գնում է դեպի սկզբնաղբյուր»։
Նավասարդյանի խոսքով՝ առաջարկվող նախագծում փոփոխությունն այն մասին է, որ դու կարող ես տեղեկությունից օգտվել, բայց աղբյուրին չես կարող հղում կատարել․
«Սա ես աբսուրդային լուծում եմ համարում, որևէ բանի չի կարող նպաստել, ամեն դեպքում պատասխանատվությունը պիտի լինի կոնկրետ բովանադակության համար, այլ ոչ թե աղբյուրի օգտագործման համար»։
Նավասարդյանի խոսքով՝ եթե խոսքը կեղծ օգտատերերի կամ կեղծ աղբյուրների տարածած ինֆորմացիաների մասին է, ապա այստեղ իրենց խոսքը պիտի ասեն իրավապահ մարմինները, որոնք կարող են համապատասխան օպերատիվ միջոցառումներ իրականացնել, և եթե իրոք տարածվել է վնաս պարունակող տեղեկատվություն, փորձեն գտել դրա տարածողին։
Այնուամենայնիվ՝ Նավասարդյանն ասում է՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում կան բավականին նախաձեռնություններ, որոնք քննարկման արդյունքում կարող են օգտակար լինել մեդիադաշտի և սպառողների համար։