Խիստ պատիժներ ՀՖՖ-ից
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցի» մարզիչները որակազրկվեցին 5-ական խաղով:
Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին եւ մարզիչ Ռադոե Սմիլյանիչը Հայաստանի առաջնության առաջիկա 5 տուրերին թիմի հանդիպումները կհետեւեն ոչ թե պահեստայինների նստարանից, այլ ... տրիբունայից:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը, ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստին նրանց որակազրկել է 5 խաղով` «Փյունիկ» - «Բանանց» խաղին մրցավարի որոշումներին միջամտելու եւ չհամաձայնելու համար:
Նույնքան խաղ բաց կթողի նաեւ «Բանանցի» ֆուտբոլիստ Էդուարդ Կակոսյանը, նույն խաղում մրցավարներին հայհոյելու համար: «Բանանց» ակումբն այդ խախտումների համար տուգանվել է համապատասխանաբար 100, 150 եւ կրկին 150 հազար դրամով:
Հայաստանի առաջնության առաջիկա տուրին չեն մասնակցի նաեւ «Իմպուլսի» ֆուտբոլիստ Ալբերտ Հովակիմյանը եւ «Բանանցի» խաղացող Էդուարդ Կակոսյանը, որոնք նախորդ խաղերում հեռացվելու համար որակազրկվել են մեկական հանդիպումով: