Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դատական գործեր ընդդեմ ԶԼՄ-ների (տեսանյութ)

ԶԼՄ-ների և լրագրողների ներգրավվածությամբ 2019-2020թթ․ դատական գործերի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ

2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է ԶԼՄ-ների և լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի մոնիտորինգ՝ ուսումնասիրելով և վերլուծելով դրանց քննության ընթացքը, կողմերի փաստարկները և իրավական հիմնավորումները, ինչպես նաև դատարանների կայացրած ակտերը։ Այս մոնիտորինգի անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ 2019 թվականն աննախադեպ էր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի քանակով, և այդ միտումը շարունակվեց 2020-ին, ինչը լուրջ մտահոգություն առաջացրեց մեդիա ոլորտում։ Բացի այդ, երկրում հետհեղափոխական շրջանում դատական համակարգի խորը ճգնաժամի պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում նման ուսումնասիրությունը։
Հետազոտությունն իրականացվել է՝ պարզելու համար, թե դատարանները որքանո՞վ են հետևում հայաստանյան օրենսդրությանը, միջազգային իրավական ակտերին, ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներին, արդյո՞ք պրակտիկայում կիրառում են միատեսակ մոտեցումներ և արդյո՞ք ակտեր կայացնելիս հաշվի են առնում լրատվամիջոցի և լրագրողի դերը ժողովրդավարական հասարակությունում։
Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 176 հայց, որոնցից վարույթ է ընդունվել 127-ը։ 116-ում լրատվամիջոցների հիմնադիրները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ 11-ում՝ որպես երրորդ անձ։
Մոնիտորինգի ընթացքում փորձագիտական վերլուծության են ենթարկվել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է գոնե մեկ կամ ավելի դատական ակտ։ Այդպիսիք 21-ն են, ընդ որում՝ դրանցից 12 գործով կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ՝ 6 դեպքում հայցադիմումը բավարարվել է (ամբողջությամբ կամ մասնակի), 6-ում՝ մերժվել, իսկ 9 գործի առնչությամբ ընդունվել է 1 կամ ավելի ակտ, և դատական գործընթացները շարունակվում են։ Մնացած 106 գործից 5-ը կարճվել է՝ հայցվորը հրաժարվել է իր պահանջներից, 2 դեպքում կողմերի միջև հաշտության համաձայնություն է կնքվել, իսկ 5 դեպքում հայցը թողնվել է առանց քննության՝ կողմերից մեկի՝ երկու հաջորդական նիստերի չներկայանալու հիմքով։ 94 գործով մինչև 2020 թ դեկտեմբերի 31-ը որևէ ակտ դեռ չի ընդունվել։
Քանի որ վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը (127-ից 114-ը) ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և զրպարտության հիմքով է, կարևոր էր պարզել, թե որքանով են այդ խնդրին վերաբերող իրավական կարգավորումները (նախևառաջ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածը) ծառայում իրենց նպատակին։ Արդյո՞ք դատարաններին հաջողվում է պահպանել արդարացի հավասարակշռություն մի կողմից Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության պաշտպանության և մյուս կողմից` անձանց հեղինակության, արժանապատվության դեմ  ուղղված արտահայտություններից զերծ լինելու իրավունքի միջև, որն էլ, իր հերթին, երաշխավորված է նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով։
Այս տիպի գործերից զատ, վերլուծվել են նաև ԶԼՄ-ների ներգրավվածությամբ 10 աշխատանքային վեճ, 1-ական՝ տնտեսական, անձնական տվյալների պաշտպանության և քրեական իրավունքին վերաբերող դատական գործեր։ Սրանք նույնպես հետաքրքիր են դատական պրակտիկայում համապատասխան նախադեպեր ստեղծելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ, օրինակ, լրագրողների աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, բայց այդպիսի վեճերը լուծելու համար նրանք հազվադեպ են դիմում դատարան։
Նախորդ՝ 2013 և 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։ Դա պայմանավորված է համացանցի և սոցիալական մեդիայի սրընթաց զարգացմամբ, ինչը Հայաստանում համընկավ հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների հետ, որոնք զուգորդվեցին պայքարի մեջ մտած ուժերի և նրանց համակիրների կողմից լայնորեն կիրառվող ատելության խոսքով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով ու զրպարտությամբ։ Այս ամենը տեղափոխվեց նաև ավանդական լրատվամիջոցներ, ինչն էլ հանգեցրեց դատական գործերի հոսքի աննախադեպ ավելացման։ 
2013-2014 և 2019-2020 թվականների դատական գործերով ընդունված ակտերի համադրությունը նաև ցույց է տալիս, որ դրանց որակը նկատելիորեն բարձրացել է թե՛ դատարանների ներկայացրած պատճառաբանությունների, թե՛ կողմերի բերած փաստարկների առումով։ Այնուամենայնիվ, ի հայտ են եկել պրակտիկ խնդիրներ, որոնք մի շարք դեպքերում թույլ չեն տալիս դատական գործերի վերաբերյալ ընդունված ակտերը որակել արդարացի և ճշգրիտ։

Այսպես օրինակ՝ 

  • դատարանները տարաբնույթ մեկնաբանություններ են տվել արատավորող արտահայտությունների հիմքում ընկած փաստերի և գնահատող դատողությունների վերաբերյալ։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պահանջում են, որ նման դեպքերում կիրառվեն միատեսակ մոտեցումներ։ Այս պահանջին չհետևելը հանգեցնում է անձանց իրավունքների խախտման։
  • Դատարանները հաճախ անտեսում են արատավորող արտահայտությունների բնույթը և դիտավորության առկայությունը՝ հաշվի չառնելով ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային որոշումը, ըստ որի՝ «զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում: 
  • Միատեսակ մոտեցում չի ցուցաբերվում ոչ պատշաճ պատասխանողի դեմ հարուցված հայցերի դեպքում։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է կանոն, համաձայն որի՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին կամ այդ անձը հայտնի չէ, ապա փոխհատուցման պարտականությունը կրում է արտահայտությունը հրապարակային ներկայացնողը։ Այս առումով նույնպես առկա են հակասական իրավական մեկնաբանություններ։
  • Նյութական փոխհատուցում նշանակելիս հաճախ հաշվի չի առնվում արտահայտվելու ազատության վրա դրա հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը: Դատավորները հաճախ մոռանում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն այն մասին, որ արատավորող արտահայտությունների արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։
  • Վիրավորանքի և զրպարտության գործերով կայացված դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանված։ Մինչդեռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների ակտերի չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը համարել է անձի արդար դատական քննության իրավունքի խախտում։

 

Որպես դրական միտում պետք է նշել, որ վերջին տարիներին հազվադեպ է ներկայացվում և էլ ավելի քիչ քանակությամբ է կիրառվում հայցի ապահովման միջոցը նախքան դատական գործընթացի սկիզբը խմբագրության կամ լրագրողի գույքի կամ դրական հաշվի վրա արգելանք դնելը կարող է հանիրավի սահմանափակել նրանց գործունեությունը և իրավունքները, ուստի դատարանները պետք է առավել զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում։ Եթե 2012-2013 թվականներին նման դատական գործերով հայցի ապահովման միջնորդությունները բավարարվել են 9 դեպքում, ապա 2019-2020 թվականներին եղել է 2 այդպիսի միջնորդություն, սակայն երկուսն էլ մերժվել են։

Մոնտիրինգի արդյունքում ԽԱՊԿ-ը մշակել է օրենսդրական առաջարկություններ։