Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռոբը նկատել է թուրքի ձեռքի նռնակն ու հասկացել՝ հայ չէ, կրակել է, փրկել աղմուկի կողմ վազող ընկերներին (տեսանյութ)

Արցախյան վերջին պատերազմում կամավոր մեկնած ու կյանքը հայրենիքին նվիրած 27-ամյա Ռոբերտ Սարգսյանը մեկ որդի ուներ՝ Կարենը։ Արտաքնապես ճիշտ նրա կրկնօրինակը,-ասում են հարազատները։ 4-ամյա Կարենը թերթում է լուսանկարներն ու հորը գտնում, հարցեր տալիս ու փորձում ստանալ գլխավոր հարցի պատասխանը՝ երբ կգա հայրիկը։

Ռոբերտի ընկերները հիշում են՝ պատերազմի առաջին իսկ օրվանից փորձել է կամավորագրվել, զինկոմիսարիատում պնդել է, որ իրեն ճակատ տանեն։

«Բոլորը հորդորում էին, որ չգնա, բայց ինքն ասում էր՝ պետք է կանգնեմ 18 տարեկան տղաների կողքին։ Ինքն առաջին օրը գնացել էր, ամեն ինչ տեսել և պատկերացնում էր, և հենց դա էլ իրեն հանգիստ չէր տալիս»,-ասում է Հարություն Հարությունյանը՝ նրա մանկության ընկերը:

Հարությունը Ռոբերտի մասին խոսելիս բառերը դժվար է ընտրում, ասելիք շատ կա, հիշում է՝ ընկերը հետաքրքրասեր էր, ուժեղ ու անվախ։ Առաջնագծում Ռոբերտի հերոսությունների մասին մարտական ընկերները հարազատներին են պատմել, ասել են՝ մարտական մի դիրքից մյուսն է շտապել, փորձել է օգնել՝ ում ինչպես կարողացել է․

«Երբ առաջնագծում են եղել, մեկը գոռացել է՝ օգնեցեք, տղաների մի խուբ վազել է աղմուկի կողմը, Ռոբը նկատել է՝ ձեռքին նռնակ կա, հայ չի, կրակել է, սպանել թուրքին»,-պատմում է մորաքրոջ որդին՝ Դավիթ Գասպարյանը։

Ռոբերտը ոսկերիչ էր, նաեւ սիրում էր նկարել, մարզվել, համեղ պատրաստել։ Հարազատներն ու ընկերներն ասում են՝ իրենց բոլորին կապողը հենց Ռոբերտն էր կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ Ռոբը, պատրաստվում էր, բոլորին զանգում, իրար գլխի հավաքում։ Ռոբերտի ծառայակից ընկերը՝ Արման Ղասաբայանը, հիշում է՝ Ռոբերտը ուժեղ էր, բայց միշտ թույլերի կողքին։ Պատերազմի օրերին, երբ արդեն մի քանի օր Ռոբերտից լուր չեն ունեցել, միայն կցկտուր տեղեկություններ են հասել, թե վիրավոր է, ընկերները դիմել են ամեն հնարավոր քայլի՝ նրան գտնելու համար․

«Էս վերջում, որ էլ ճար չկար ոչ մի բան անելու, գնում էինք, Արտաշատից Երևան եկող մայրուղու վրա կանգնում էինք, շտապօգնության բոլոր մեքենաների հետևից գնում էինք, փորձում էինք գտնել»,-պատմում է Արմանը։

Ռոբերտի բոլոր քայլերի հիմքում սերն էր, ասում է հոր ընկերը՝ Պարույր Մինասյանը և հավելում՝ իսկական հայի տեսակ էր․ Հերոսի հայրն էլ հավելեց՝ կորցրել է ոչ միայն որդուն, այլ նաև իր եղբորը, ընկերոջը, ում հետ խոսում էր, կիսվում, խորհուրդներ տալիս ու հարցնում։