Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք,իսկ մենք ձեզ պարտք մնացինք․ հերոսներին նվիրված հուշատախտակ ԵՊԲՀ-ում (տեսանյութ)

Երեւանի  պետական  բժշկական համալսարանի մուտքի մոտ հուզված ծնողներն են։ Ծաղիկները ձեռքներին նայում էին հուշատախտակին, գտնում իրենց զինվորի անունն ու արտասվում։

ԵՊԲՀ վարչական մասնաշենքում հունվարի 28-ին բացվեց պատերազմի ընթացքում զոհված ռազմական բժիշկներին և ուսանողներին նվիրված հուշատախտակ։

Ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ուսանողները, դասախոսները, տղաների ծառայակից ընկերները։

Ելույթի ընթացքում Արմեն Մուրադյանը նշեց, որ թեև տղաները չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց  հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին․

«Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում: Յուրաքանչյուր երիտասարդ ուսանող այստեղ գտնվելով պետք է հիշի՝ այս հերոսները պարտավորություն կրելով ժողովրդի առջև նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով ոչ երիտասարդություն, ոչ հեռանկարներ, ոչ ապագա, անգամ ձեր և մեր արցունքները»,-  ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով բանակի օրվա առիթով, նշեց, որ արդեն 1 տարի է՝ բժիշկները պատերազմ են մղում 2 ճակատով․

«Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»,- ասաց նախարարը՝ բանակին մաղթելով մարտական ոգի: 

Հուշատախտակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո, դահլիճում ցուցադրվեց տեսանյութ՝ զոհված տղաների լուսանկարներով։ Ներկաները հոտնկայս էին դիտում տեսանյութը։

Զոհված ուսանող Ազատ Զաքարյանի ընկերը՝ «Արիության համար» մեդալի արժանացած ՌԲՖ 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանն էլ պատմեց՝ զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ Ազատը խրամատում իր զինակիցներին հարցրել է․ « Տղերք, որ հակառակորդի վիրավոր զինվոր տեսնեք, ի՞նչ կանեք, պատասխանել են՝ իհարկե կսպանենք, Ազատն ասել է՝ ոչ, սխալ կանեք, պետք է փրկել»։