Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Առյուծ Սիմբային սիրող Դավիթը չհասցրեց խոստացած նուռն Արցախից բերել

«Դավիթը պատերազմի ժամանակ երբ  Ջաբրայիլից  զանգում էր, ասում էր` էստեղ շատ-շատ նուռ կա, երբ գամ տուն, ձեզ լիքը նուռ եմ բերելու: Բայց այդպես էլ չեկավ ու նուռն էլ չբերեց», - պատմում է  ավագ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանի հայրը` Արան:

Չնայած հայրը դեմ էր Դավիթի` զինվորական դառնալուն, բայց նա ընտրել էր այդ ուղին դեռ փոքրուց՝  տարված լինելով զինվորական կյանքով, զենք ու զրահով ։

25-ամյա Դավիթի հայրը հիշում է` տանն առանձնահատուկ նրա մեջ չեն սերմանել հայրենասիրությունը, բայց ինքն անսահման հայրենասեր մեծացավ.

«Նույնիսկ առանձին հուշատետրեր ուներ, որ միայն իր զոհվելուց հետո ենք կարդացել, որոնցում հայրենասիրության, ռազմական կյանքին, պատերազմին նվիրված նյութեր ու մտքեր էր հավաքել, գրել», - ասում է հայրը:

Դավիթը Վայոց ձորի Շատին գյուղից էր, սովորել էր Ագրարային համալսարանի` ՊՆ-ի կողմից առանձնացված հատուկ բաժնում և դրանից հետո ծառայության էր անցել Սիսիանի զորամասերից մեկում` որպես իրային և պարենային ծառայության պետ: Երկու տարվա զինծառայող էր, երբ պատերազմն սկսվեց ու ինքն իր ընկերների հետ հոկտեմբերի չորսին մեկնեց Ջաբրայիլ: 6 օր անց անօդաչուն խրամատում գտել ու կտրել էր 4 ընկերների կյանքի թելը:

Ծառայության ընթացքում զորամասում սպաների մեջ տարիքով ամենափոքրն էր: Դավիթի հայրն ասում է`դեռ փոքրուց իր տարիքի համեմատությամբ շատ մեծ ու լուրջ գործեր էր անում, հետագայում դա նաև փաստում էին իրենից տարիքով մեծ ծառայակից ընկերներն ու ասում` ամեն տեղ` թե՛ ծառայության, թե՛ մարդկային շփման մեջ լրջության ու պատասխանատվության մեծ զգացում ուներ.

«Փոքր տարիքում Դավիթը շատ էր սիրում «Առյուծ արքա» մուլտֆիլմն ու հափշտակությամբ նայում էր: Ես էլ իրեն ակտիվության, համառության համար ասում էի`դու էլ Սիմբայի նման ես, նա էլ քեզ նման իրենից մեծ գործեր է անում առանց վախենալու: Ինքն այդ համեմատությունից միշտ ուրախանում էր», - հիշում է հայրը:

Առյուծ Սիմբայի նման աշխույժ ու կյանքով լի Դավիթն իր շրջապատում, դպրոցում ու համալսարանում մարդկանց մեջ տպավորվում էր իր հումորով: Փոքր քույրը` Անին պատմում է, որ անգամ պատերազմի օրերին զանգելիս հումորն իրենից անպակաս էր: Միշտ ուրախ ու հանգիստ ինքն էր հույս տալիս տան անդամներին.

«Դավիթն անգամ պատերազմի օրերին ինձ միշտ ասում էր` վերցրու մասնագիտական գրքերդ ու միշտ վերհիշիր այն, ինչ սովորել ես: Ասում էր, որ ինքնակրթությամբ զբաղվեմ ու չմոռանամ սովորածս», - ասում է Անին:

Ինքն էլ սովորել սիրում էր ու մաթեմատիկայի օլիմպիադաները բաց չէր թողնում: «Հայ Ասպետ» հեռուստախաղին էր մասնակցել` որպես թիմի ավագ: Ու առհասարակ հասարակական կյանքում էլ շատ ակտիվ էր: Հայրը ասում է` Դավիթին շատ էին սիրում` սկսած դպրոցից: Համալսարանն ավարտելուց երեք տարի անց անգամ նրա դասախոսներն ու ռեկտորն իր մասին հիշում ու գրառումներ են անում, հաճախ կիսվում են Դավիթի նկարներով.

«Ծառայակից ընկերներն էլ հաճախ են գալիս մեր տուն: Անգամ երբեմն մարդիկ, որոնց չենք ճանաչում, գալիս են, ցանկություն հայտնում գնալու Դավիթի շիրիմին: Ով գոնե կես ժամ շփվել էր Դավիթի հետ, սիրել էր նրան ու ոչ ոք չէր հավատում, որ նման էներգիայով լի ու կենսախինդ տղան այսօր այդքան հանգիստ ու հավիտենական ննջել է», - պատմում է հայրը: