Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտինն ուզում էր իր գրպանում պահել ադրբեջանական գազի,նավթի բանալին,ստիպեց մեզ ստորագրել փաստաթուղթը (տեսանյութ)

Վարչապետի հայտարարությունը, թե Շուշին եղել է  90 տոկոսով ադրբեջանական քաղաք, ես համարում եմ կամ անիրազեկության, կամ միտումնավոր կերպով փաստերը խեղաթյուրելու հետևանք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը՝ հավելելով, որ մենք չեք կարողանում մեր փառահեղ պատմությունը ճիշտ ներկայացնել։

«Բավական է ասել, որ եթե 19-րդ դարի 30-ական թվականներին Շուշիի բնակչությունը տատանվում էր 8000-ի սահմաններում, 1860-ական թվականներին՝ 12760, 1898 թվականի մարդահամարի տվյալներով 30 հազար էր, ապա 1920 թվականին Շուշիի բնակչությունը անցնում էր 20 հազարը։ Միշտ էլ Շուշին իր հայ  բնակչությամբ ունեցել է բացարձակ մեծամասնություն՝ 65-70 տոկոս»,-նշում է Սաֆարյանը և հավելում, որ Շուշիի պատմությունը մթագնել է  միայն դարասկզբի երկու կոտորածներով և հրդեհներով․

«1905-1906 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ավերածությունների, հրդեհի ու կոտորածների զոհ է դառնում ավելի քան 400 հայ ընտանիք և գրեթե 3000 հայ բնակիչ բնաջնջվում է, իսկ 1920 թվականի մարտի 23-24-ի այդ սև օրը հրդեհվում է քաղաքը, դրան ուղեկցում է ուժեղ քամին, Շուշի է մտնում 10-հազարանոց թուրքական զորքը արյունարբու երկու փաշաների ղեկավարությամբ և ամբողջովին սրի քաշում հայ բնակչությանը, սրի է քաշվում ավելի քան 30 հազար հայ, Շուշիի բնակչությունը բռնում է գաղթի ճանապարհը և այսպիսով 1920 թվականին ավարտվում է Շուշիի հերոսական անցյալի առաջին էտապը»,-պատմությունը ներկայացնում է Սաֆարյանը։

Նաև պնդում է՝ 1988-94 թվականներին մեր հերոս որդիների արյամբ մենք վերականգնեցինք պատմական ճշմարտությունը, այն է՝ Արցախը բնիկ հայկական բնօրրան է և Արցախի ժողովուրդը դարեր ի վեր ապրել է այդտեղ և պիտի ապրի․

«Սա է, որ մենք չկարողացանք ամբողջ աշխարհին ներկայացնել և մեր դիվանագիտությունը կրեց խայտառակ պարտություն։ Տարիներ շարունակ մենք դիվանագիտական աշխատանքի ենք նշանակել մեր դիվանագիտական ավանգարդում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդկանց և «յուրայինին մի լավ գործի դնելու» արատավոր պրակտիկայով, սա առաջ է բերել մեր դիվանագիտական մտքի ձախողում, խայտառակ պարտություն, մեր դիվանագիտության արգասիքը դարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ այդ խայտառակ պայմանագիրը»։

Սաֆարյանը պնդում է՝ մենք չկարողացանք մեր հաղթանակների հիմքում դնել մեր ապրելու իրավունքը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, Սաֆարյանն ասում է՝ Ռուսաստանը արհամարհել է եռանախագահող երկրների բանակցությունների ֆորմատը, համամասնության իրավունքը տարածաշրջանում․

«Պուտինը ցանկանում էր իր գրպանում պահել ադրբեջանական գազի և նավթի բանալին, ստիպեց Հայաստանին դավադրաբար շուտափույթ ստորագրել այս խայտառակ  փաստաթուղթը»,-նշեց Սաֆարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում