Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մենք հավատում ենք, որ ԵԽ-ն քայլեր կձեռնարկի Արցախում իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը․ ԱԳՆ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի տեսաուղերձը ԵԽ Հայաստանի անդամակցության 20 ամյակի կապակցությությամբ

20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ:

Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության:

Հայաստանը ճանաչում և գնահատում է այս եզակի կազմակերպության ներդրումը, որն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան էր։

Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի՝ կառուցելով ամուր իրավական կամուրջներ կազմակերպության և դրա անդամ երկրների հետ։ 2013 թվականին Հայաստանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը։

Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Մեր անդամակցության 20-ամյակի առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։