Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 21-ը հունվարի․ Կրակում են ներքին զորքերի վարչության պետ Արծրուն Մարգարյանի վրա (տեսանյութ)

1998-ի հունվարի 21-ի գիշերը անհայտ անձն, ըստ նախնական հաղորդագրության, չպարզված հանգամանքներում երկու անգամ կրակում է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարության ներքին զորքերի վարչության պետ Արծրուն Մարգարյանի վրա: Պարզվում է, որ Մարգարյանի վրա կրակել են իր տան մոտ անհայտ հրազենից:

Լյուդմիլա Հարությունյանը խոսում է ժողովրդավարական ընտրական օրենսգիրք ընդունելու կարեւորության մասին: Լյուդմիլա Հարությունյանը հիշեցնում է, որ նախ պետք են ազատ եւ արդար ընտրություններ:

1998-ի այս օրը Հայաստանում քննարկում են ընտրական օրենսգիրքը՝ առայժմ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պնդում է իրենը:

2000-ի այս օրերին «Այրարատ» կինոթատրոնի մոտ հավաքված մարդիկ պատրաստ են կատարել ցանկացած սեւ աշխատանք: Գործազրկության եւ հացի խնդիրն այս մարդկանց համախմբել է Ագաթանգեղոս փողոցի վրա, որտեղ օրվա աշխատանքի սպասումով նրանք վառել են այս խարույկը, տուն գնալ չեն կարող եւ պատրաստ են սպասել մինչեւ իրիկուն: Օդի աղտոտման մասին կմտածեն աշխատանք գտնելուց հետո: Եվ գուցե անդամագրվեն որեւէ բնապահպանական շարժման:

2000-ի այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի ԱՊՀ երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սեստանովիչը հրաժարվում է խոսել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հրաժարականի եւ մեր երկրի ներքաղաքական լարված իրավիճակի մասին: «Ես լավ դիվանագետ եմ եւ խույս կտամ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին»,-ասում է նա:

Արմեն Մազմանյանը 2002-ի հունվարի 21-ին անօրինական է հայտարարում Ազատամարտիկ վետերանների միության վերջին համագումարը: Համագումարով միության նախագահ դարձած Համլետ Հովսեփյանին Մազմանյանը համարում է զեղծարար եւ հիշեցնում, որ ընկերոջ մասին է խոսքը: Համլետ Հովսեփյանի հասցեին մեղադրանքները կոնկրետանում են կուսակցության ակտիվի ժողովում։ Հովսեփյանական թեւի պատասխանն օպերատիվ է՝ ոչ մի մեղադրանք չի համապատասխանում իրականությանը : Խոշոր գումարներ, ըստ նրա չեն գրպանվել, կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը նման բաներ, համենայնդեպս չի բացահայտել: Հետեւաբար, զրպարտողները պետք է պատժվեն:

2003-ի հունվարի 21-ին Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ը նախագահի ընտրություններում պաշտպանում է Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Նախկին կոմունիստի եւ երդվյալ անկախականի այս համագործակցությունից կողմերը վատ չեն էլ զգում: «Գույներին չպետք է նայել»,-ասում է Արտաշես Գեղամյանը: Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին 2010-ի այս օրն արգելել են առեւտուր անել, քանի դեռ ՀԴՄ-ներ չեն տեղադրել: Առեւտրականները դուրս են եկել բողոքի :

2011-ի այս օրը ԱԼՄ հեռուստաընկերությունը վերջին անգամ է եթեր դուրս գալիս :

2011-ի այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին համաձայն չէ, որ մարտի 1-ի 10 սպանությունները քննող քրեական գործը փակված է: Համարբերգի համար թեմա են նաեւ լրատվամիջոցների ազատության խնդիրները բանակում խաղաղ ժամանակ իրականացվող սպանությունները: Սակայն մարդը կարկամում է այն հարցից, թե հիշյալ խնդիրների պատճառով հնարավո՞ր է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հանդեպ կիրառել պատժամիջոցներ: Ըստ նրա, մեր խնդիրներում մեղավորը գործադիրն է, ոչ թե՝ օրենսդիրը:

2013-ի հունվարի 21-ին Գիտությունների Ազգային ակադեմիայի դիմաց հացադուլ է սկսում նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը : Նա ԿԸՀ-ից պահանջել էր անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Նրան մերժել էին, ինքն էլ նստել է հացադուլի: Հացադուլի ընթացքում մարդը կգրի քաղաքական վերլուծություններ, կխմի ջուր եւ կգիշերի առանց վրանի:

Նույն օրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն սկսում է Օպերայի շրջակայքից: Մարդն առանց վերարկուի է: Ձեռքսեղմումն անխուսափելի է: Նրա հետ չէ տիկին Արմենուհին, սակայն վաղը կմիանա : Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրանում է Օպերայի հարթակ հիշեցնելու, թե նախագահի ինչ ընտրություններ են առջեւում։