Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պիտի հասներ Մոսկվա. քաղաքացիության հարց էլ չի լուծվել. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Այդ երիտասարդի պնդումներն իրենց մեջ որևէ լրջություն չեն պարունակում: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսպես արձագանքեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ է:

«Իր տեսաուղերձում այդ երիտասարդը երկար ժամանակ խոսում է Թուրքիայի գործակալ լինելու մասին, այլ բաների մասին, վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը պետք է պարզվի, բայց որտեղ խոսք է գնում ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության  մասին»:

Հակոբյանը պնդեց՝ թող հրապարակվեն Թուրքիայի գործակալ լինելու մասին փաստեր:

«Ա1+»-ի հարցին, թե թիմի ներսում ի՞նչ քննարկումներ են, համակարծի՞ք են, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է շարունակել բանակցությունները՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը հակառակն է պնդում՝ մատնանշելով նաև, որ գերիների հարցում տեղաշարժ չկա, Հակոբյանն արձագանքեց.

«Այս պահի դրությամբ թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը և ընդհանրապես մեր այսօրվա կառավարությունն այն կառավարությունն է, և Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները: Ռազմագերիների հարցը օրակարգում է, և ընթանում է գործընթաց, չի կարելի պնդել, որ այդ հարցը չլուծվեց»:

Հակոբյանն անդրադարձավ նաև հրապարակումներն, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է, քաղաքացիության հարցեր են լուծում, բնակարան են ընտրում: Հակոբյանն ասաց՝ վարչապետի կինն ու դուստրերը մասնավոր այցով են Մոսկվայում.

«Որևէ քաղաքացիության, տուն ձեռք բերելու հարց չկա և չի կարող լինել, պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են, որ Աննա Հակոբյանը, Մարիամ և Շուշան Փաշինյանները գնացել են տուն ընտրելու, կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պիտի հասներ Մոսկվա»:

Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումները շարունակում են և չեն պատրաստվում շտապել այդ հարցում:

Խմբակցությունը լքող պատգամավորների քայլը Հակոբյանը դրական բնորոշել չի կարող.

«Իրենք էլ բազմիցս խոստովանել են, որ իրենց ստացած քվեն իրենց քվեն չէ, իրենք չեն վաստակել այդ քվեն»:

Թե ով է խոստովանել, Հակոբյանն անուններ չնշեց: