Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոմայի» առաջին ֆիասկոն Հռոմում, Մխիթարյանի հերթական գոլը. Իտալիայի գավաթ

Հռոմի «Ռոման» Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում պարտվեց «Սպեցիային» և դուրս մնաց հետագա պայքարից:

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն անհաջող սկսվեց դաշտի տերերի համար, որոնք 15 րոպեից հետո արդեն երկու գնդակով զիջում էին մրցակցին: «Ռոմայի» ֆուտբոլիստները, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մինչև հիմնական ժամանակի ավարտը մեծ ջանքերի օգնությամբ կարողացան հավասարեցնել հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Հռոմեացիների երկրորդ գոլը խփեց հենց մեր ֆուտբոլիստը: Դրանից հետո Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց:

Ավելացված ժամանակի 2-րդ րոպեին իրար ետևից խաղադաշտից հեռացվեցին «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին ու դարպասապահ Պաու Լոպեսը: Հյուրերը ստանալով թվային առավելություն, կարողացան երկու գոլ խփել:

Այդպիսով, «Ռոման» լրացուցիչ ժամանակում պարտվեց 2:4 հաշվով և դուրս մնաց խաղարկությունից, իսկ «Սպեցիան» մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Նապոլիի» հետ: Ի դեպ, հռոմեացիները թեև՝ լրացուցիչ ժամանակում, սակայն առաջին պարտությունը կրեցին սեփական դաշտում ընթացիկ մրցաշրջանում: