Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Երաժշտությունը՝ սփոփանք այս դաժան օրերին.Ֆիլհարմոնիկը պատրաստվում է Առնո Բաբաջանյան-100 համերգաշարին (տեսանյութ)

Հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի բացումը՝ մասնակցությամբ դաշնակահար Հայկ Մելիքյանի, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և թավջութակահար Սևակ Ավանեսյանի: Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը  և ԿԳՄՍ նախարարությունը:  

«Մեր սերունդը Առնո Բաբաջանյանին չի տեսել, բայց նրա ստեղծագործություններից արդեն իսկ կարելի է կարծիք կազմել մեծ կոմպոզիտորի, դաշնակահարի և անհատի մասին: Ժողովրդական մեղեդիները ժամանակակից երաժշտական լեզվի հետ համադրել և բերել համաշխարհային հարթակ, դա քիչ կոմպոզիտորների է հաջողվել: Եվ այստեղ է նրա մեծությունը» - ասում է Հայկ Մելիքյանը:


Ջութակահար Անուշ Նիկողոսյանի խոսքով, երբ առաջին անգամ լսել է Առնո Բաբաջանյանի «Տրիոն դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար», ուղղակի սիրահարվել է այդ գործին և երազում էր, որ մի օր կկատարի: Եվ հիմա ուրախ է, նախ, որ կատարելու է այդ գործը, և որ կատարելու է Հայկ Մելիքյանի և Սևակ Ավանեսյանի հետ: Իսկ կոմպոզիտորի «Ջութակի սոնատը» Անուշը համարում է այս գործիքի համար գրված ամենահանճարեղ գործերից մեկը, որը նրա բնորոշմամբ և հայկական է և խոսուն և պոետիկ:

«Վերջին ամիսների դաժան իրադարձությունները բերել են մի հոգեվիճակի, երբ ուզում ես քո զգացմունքները արտահայտել, և որպես երաժիշտ, կարող ես արտահայտել միայն երաժշտության միջոցով: Պետք է ասեմ, որ սա իսկապես սփոփանք է մեզ համար: Եվ Առնո  Բաբաջանյանի այս գործերը դրա հնարավորությունը տալիս են»: