Բացել լրահոսը Փակել լրահոսը
701775
A A
Հասարակություն

Ինչո՞ւ են փոխվել «Հայփոստ»-ի սակագները․ քաղաքացիներն ահազանգում են, ընկերությունը՝ պարզաբանում

«Հայփոստը» բարձրացրել է սակագները արտերկիր ուղարկվող ծանրոցների համար։ Այս մասին «Ա1+»-ին ահազանգել էր խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը։

Քաղաքացին մանրամասնել էր, որ գները բարձրացել են միանգամից  3-4 անգամ։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Ա1+»-ը դիմեց «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանին, ով մեզ հետ զրույցում  պնդեց՝ «Հայփոստը»  տարիներ շարունակ աշխատել է հսկայական վնասով, Ամանորից հետո եղել են սակագների փոփոխություններ՝ որոշ ուղղություններով բարձրացում, որոշ դեպքերում՝ նվազում․

«2001 թվականից այս կողմ սակագների փոփոխություն տեղի չէր ունեցել, 2001 թվականին լոգիստիկ, տրանսպորտային և մնացած այլ ծախսերը բոլորովին այլ հարթության մեջ են եղել և «Հայփոստը» նոր սակագներ է սահմանել ըստ 9 զոնաների։ Ամերիկան, Եվրոպան բավականին թանկացել են, Ռուսաստանի ուղղությունը բավականին էժանացել է»,-ասում  է Աբրահամյանն ու հավելում, որ «Հայփոստ»-ի ծախսերը տարիներ շարունակ գերազանցել են այն գումարները, որոնք գանձվել են․

«Հիմա 3 անգամ բարձրացում է եղել, օրինակ, ամերիկյան ուղղությամբ, դրա 60 տոկոսը Ամերիկայի ազգային փոստին վճարվող գումարն է, 30 տոկոսը մեր լոգիստիկ և տրանսպորտային ծախերն են, ընդամենը 10 տոկոսը «Հայփոստի»-ի կողմից տնօրինվող գումարն է»,-նշում է «Հայփոստ»-ի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է գրահրատարակիչներին մտահոգած այն լուրերին,  թե «Հայփոստ»-ը բարձրացրել է արտերկիր արտահանվող գրքերի առաքման սակագինը, Աբրահամյանը բացատրում է․

«Սակագները փոխվել են, բայց գրահրատարակիչների համար Համաշխարհային փոստային միությունը սահմանել է հատուկ «M» պարկ փոստային ծառայությունը, որը մինչև 30 կգ արտահանման դեպքում հատուկ սակագներ է սահմանում, օրինակ՝ մեկ կգ-ի արժեքը 4500 դրամ է»։

«Հայփոստ»-ի ներկայացուցիչը ընկերություններին առաջարկում է կնքել կոորպորատիվ պայմանագրեր և օգտվել մինչև 20 տոկոս զեղչի հնարավորությունից։