Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իսկ ո՞վ էր երաշխիք տվել նրանց, որ սկսել էին տարածք վերանորոգել․ կասկածներ հեռարձակման մրցույթի վերաբերյալ (տեսանյութ)

«Նախորդ մրցույթների համեմատությամբ այս անգամ ընդամենը ավելացել էին պոպուլիստական հայտարարությունները՝ բաց, թափանցիկ, արդար, նույնիսկ ուղիղ հեռարձակում», - մարզերում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի մասին «Մեդիա կենտրոնի» քննարկման ժամանակ ասաց «Ալտ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը։  «Ալտ»-ը հեռարձակման իրավունք չստացավ։

Նրա խոսքով՝ այս տարվա ուղիղ եթերի ձևաչափով արդյունքների ամփոփումը չէր ապացուցում մրցույթի անաչառությունն ու արդարությունը․

«Ինչ-որ մեկը ուղիղ եթերի ժամանակ հաշվիչով ինչ-որ թվեր էր գումարում հանում։ Արդյո՞ք վստահելի մարդ էր նա։ Իսկ նրա սխալվելու ռիսկը հաշվարկե՞լ էր հանձնաժողովը։ Իհարկե ոչ։ Վերջում էլ չէին լսվում հանձնաժողովի հաղորդած գնահատականները», - ասաց նա։

Արտոնագիր չստացած «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանի կարծիքով՝ այս մրցույթը նախորդից վատն էր։ Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները ծրագրերը քննարկելու փոխարեն բամբասանքներ էին տարածում․

«Մրցույթի արդյունքների ամփոփումից երկու շաբաթ առաջ ես հարցազրույց տվեցի «Առավոտ» թերթին, որը խոցել էր հանձնաժողովի նախագահին։ Ես այնտեղ պատմել էի 2010 թվականի մրցույթի մասին, տվել էի անուններ։ Երբ ասել էի, որ եթե մենք չընտրվենք, կդիմենք դատարան, պարոն Հակոբյանին դա դուր չէր եկել։ «Կիսաբաց լուսամուտներ» հեռարձակող ալիքն այսօր հաղթող է դարձել, իսկ մեզ, որ տարեց տարի նվազեցնելով մեր ֆինանսները, կարողացել ենք ոչ միայն պահպանել մեր գոյությունը, դեռ մի բան էլ հզորանալ, ՀՌՀ-ն մերժում է», - ասաց նա։

Խաչիկ Դանիելյանն ասաց՝ իրենք բոլոր չափորոշիչները գրել են օրենքի պահանջին համապատասխան և դեռ մի բան էլ ավելի, սակայն եթեր ստանալ չեն կարողացել։ Սա չէր կարելի համարել մրցույթ՝ ելնելով փաստերից․

«Մրցույթի փաթեթները հրապարակելուց առաջ մրցող հեռուստաընկերություններից մեկն ասաց, որ իրենք արդեն իսկ վերանորոգում են տարածքը և համալրում իրենց տեխնիկական բազան։ Իսկ ո՞վ էր երաշխիք տվել նրանց, որ սկսել էին տարածք վերանորոգել, համալրումներ անել», - ասաց Խաչիկ Դանիելյանը։

Հիմնավորումն էլ, որ ուղարկել էր հանձնաժողովը, թե՛ Նարինե Ավետիսյանի, թե՛ Խաչիկ Դանիելյանի խոսքով, ստանդարտ ձևանմուշ էր և բոլորին ուղարկելիս ընդամենը նամակի անունն էին փոխել, ոչ թե առանձնակի հիմնավորել յուրաքանչյուր մասնակցի հայտը։

Հետագա անելիքների մասին խոսելով՝ Նարինե Ավետիսյանը նշեց, որ ինչպես նախորդ 10 տարիներին, այնպես էլ այժմ «Լոռի» հեռուստաընկերությունը կշարունակի իր աշխատանքը, քանի որ արտադրանքի պահանջարկը լսարանի կողմից առկա է․

«Կբողոքարկենք որոշումը վարչական դատարանում, բայց շատ սպասելիքներ չունենք», - ասաց նա։

Խաչիկ Դանիելյանն ասաց, որ բողոքարկման վերաբերյալ իրենք դեռ ոչ մի որոշում չեն կայացրել․

«Նախ կհավաքենք ամբողջական տեղեկություններ, նամակներ կգրենք և կսպասենք դրանց պատասխաններին։ Եվ եթե ես հասկանամ, որ դատական հարցը կարգավորելու համար նորմալ պայմաններ են ստեղծում, նոր կկայացնենք որևէ որոշում։ Մեկ-երկու ամիս անց ամեն ինչ պարզ կլինի՝ կա՛մ կվիճարկենք դատարանում, կա՛մ կստիպենք հանձնաժողովին նորմալ աշխատել», - ասաց նա։