Բացել լրահոսը Փակել լրահոսը
armat
A A
Հասարակություն

Գարնանը կմեկնարկի ԱԹՍ-ների պատրաստման ուսումնական ծրագիրը

 «Արմաթ» լաբորատորիաները  մեկնարկում են «Արմաթ օդում»՝ ԱԹՍ-ների պատրաստման ուսումնական ծրագիրը։

 «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի խոսքով՝  «Արմաթի» հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է կրթել և պատրաստել ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման և ծրագրավորման մեջ ունակություններ ունեցող մասնագետների՝ դրանով առավել ընդլայնելով Հայաստանում ՏՏ ոլորտը։

«2015 թվականին մենք ունեինք 67 «Արմաթ» լաբորատորիա, դրանք հիմնականում գտնվում էին դպրոցներում։ Այժմ մենք արդեն ունենք 565 լաբորատորիա։ 2019-2020թթ․ թիվը մի փոքր նվազել է։ Մեր ծրագիրը նաև ներառում էր Արցախի բոլոր շրջանները, և պատերազմի հետևանքով որոշ լաբորատորիաներ փակվեցին կամ մնացին Ադրբեջանի տիրապետության տակ», - ասաց Րաֆֆի Քասարջյանը։

Սակայն գերխնդիրը ոչ թե ուղղակի լաբորատորիաները շատացնելն է, այլև դրանցից արդյունք ստանալը։  «Արմաթ» ծրագրում ներգրավված աշակերտների թիվն արդեն հասել է շուրջ 14․000-ի, և նպատակը նրանց կրթելն ու ոլորտում նրանց կարողություններն օգտագործելն է։

«Արմաթ օդում» անօդաչու թռչող սարքերի պատրաստման ուսումնական ծրագիրը մեկնարկելու է այս գարնանը․

«Մեր նպատակը, բնականաբար, առաջին հերթին ռազմական ԱԹՍ-ների պատրաստումն է։ Սակայն կան նաև այլ նշանակության ԱԹՍ-ներ, որոնք կարող են շատ օգտակար լինել պետության զարգացման համար, հատկապես՝ գյուղատնտեսական, առողջապահական և առաքման ոլորտներում», - ասաց Րաֆֆի Քասարջյանը։

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ ԱԹՍ-ների պատրաստման գործընթացը սկսվել է դեռևս պատերազմից առաջ։ Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են 2013 թվականին։ 2016-ից սկսած էլ «Արմաթը» դիմել է Կառավարությանը՝ ԱԹՍ-ների կրթական աշխատանոցների ներդրման աջակցության համար․

«Ծրագրով նախատեսված է 60 կրթական աշխատանոցների ներդրում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում։ Բացի այդ, Երևան քաղաքում կտեղադրվի 14 աշխատանոց, Գյումրիում և Վանաձորում՝ երեքական։ Ապրիլ ամսվա սկզբից մինչև կեսերն արդեն 8 լաբորատորիաներ կսկսեն գործել»։

Յուրաքանչյուր աշխատանոցում  կգործի 3 խումբ՝ շուրջ 27 երեխա կկարողանա հաճախել։ Կրթական դասըթնացը կտևի 1 տարի և 60 աշխատանոցներում տարեկան կպատրաստվեն և կուսանեն շուրջ 1750 սաներ։

Երեխաներին ճիշտ և արդյունավետ ուսանելու համար տարբեր քննարկումներ են իրականացվել Հայաստանում ԱԹՍ-ներ պատրաստող առաջատար ընկերությունների հետ։