Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Յուրաքանչյուրն իր տեղում պետք է կատարի այն, ինչ կարող է մեր երկիրը դուրս բերելու այս մղձավանջից. Նունե Մանուկյան (տեսանյութ)

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կազմակերպիչները ստիպված էին անցկացնել առցանց։ Փառատոնի հիմնադիր Նունե Մանուկյանի խոսքով, արձագանքները, որ ունեցան այս օրերին, խոսում են այն մասին, որ փառատոնը միանշանակ պետք էր անցկացնել, թեկուզ և առցանց։ 

«Կորոնավիրուսն իր պայմանները թելադրեց մարդկությանը և ցավոք, ունենք այն, ինչ ունենք։ Առցանց անցկացնելն ունի իր և դրական և բացասական կողմերը, սակայն ես օֆլայնի կողմնակից եմ», -ասում է տիկին Մանուկյանը։

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն այս տարի անցկացվում է 16-րդ անգամ, միշտ տարբերվել է ձևաչափով, բազմազան և բազմաբնույթ, և ոչ միայն մայրաքաղաքում այլև մարզերում իրականացված նախագծերով։ 

Փառատոնը հայտնի էր նաև արտերկրից ժամանած մասնակիցներով և հյուրերով, որոնք միշտ սպասված էին ու դառնում էին Հայաստանի լավ բարեկամը։

Հայաստանի համար այս ծանր օրերին ևս փառատոնի բարեկամները անընդհատ կապի մեջ էին, իրենց զորակցություն էին հայտնում։ 

Դեռ 2007-ին, Արցախում ևս հատուկ նախագիծ են անցկացրել, և ինչպես տիկին Մանուկյանն է բնորոշում, «միջազգային մշակութային դեսանտի» համար այցելություն են կազմակերպել, որ ծանոթանան նաև Արցախ աշխարհի մշակույթին, ջերմ ու շնորհալի մարդկանց։

«Մենք պարտք ունենք տալու մեր զոհված տղաներին և յուրաքանչյուրն իր տեղում պետք է կատարի այն, ինչ կարող է մեր երկիրը դուրս բերելու այս մղձավանջից»,- ասում է տիկին Մանուկյանը։ - Մենք ապրում էինք մեկ իրականության մեջ, այսօր ունենք մեկ այլ իրականություն, և պետք է հստակ հասկանանք, թե ինչպես պետք է կերտենք մեր ապագան, մեր երեխաներին ուր ենք տանում։

ԿԳՄՍ նախարարությունն այս տարի որքանով է աջակցել երկրի այցեքարտերից դարձած փառատոնին հարցին, հիմնադիրը պատասխանեց, որ ընդհանրապես չի ցուցաբերել որևէ աջակցություն և եթե չլինեին փառատոնի աջակիցներն ու բարեկամները, փառատոնը իրականություն չէր դառնա։

 «Ես լավատես եմ», -ասում է տիկին Մանուկյանը։ Նա համոզված է, որ երազանքի, նպատակի իրականացման համար պետք է աշխատել, և ոչ թե ութ, այլ քսանչորս ժամ։