Դժվարություն չկա գրություններ պատրաստել, ներկայացնել.Բոշյանը՝ Միրզոյանի՝ գործակալ լինելու լուրերի մասին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հերքում է լուրերը, թե պատրաստվում է դուրս գալ խմբակցությունից.
«Ես շարունակում եմ իմ աշխատանքը «Իմ քայլը» խմբակցությունում, ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եմ և զբաղվում եմ թե՛ կուսակցական գործունեությամբ, թե՛ «Իմ քայլը» ֆրակցիայի կազմակերպական և այլ հարցերով»:
Միևնույն ժամանակ Բոշյանը պնդեց՝ թիմում աշխատանքային մթնոլորտ է, փորձում են երկրում ստեղծված իրավիճակը դնել ճիշտ և կառուցողական հունի մեջ:
Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ազատմանը՝ Բոշյանը նշեց.
«Պատերազմից հետո կառավարության կաբինետում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, և այս կադրային տեղաշաժերը իրավիճակն ավելի արդյունավետ դարձնելու համար են, տարօրինակ ոչինչ չկա»:
Հարցին, թե թիմի ներսում Արսեն Թորոսյանից դժգոհություններ եղե՞լ են, Բոշյանն արձագանքեց.
««Իմ քայլը» ֆրակցիան ժողովրդավարական ֆրակցիա է, որտեղ քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը»:
Բոշյանը չի կիսում պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և չի կարող շարունակել բանակցությունները.
«Այսօրվա մեր Կառավարությունը ձևավորվել է ճգնաժամը հաղթահարելու և առաջնահերթությունները սահմանելու կոնկրետ ժամկետներով, այդ խնդիրները լուծելու համար մեր Կառավարությունն աշխատում է, ես կարծում եմ, որ մեր թիմը կարող է խնդիրները լուծել շատ արագ, շատ օպերատիվ, վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք շոշափելի արդյունքներ»:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներին՝ Բոշյանն ընդգծեց.
«Քաղաքական պայքարի նմանատիպ բաղադրիչներն ինձ համար ընդունելի չեն, որովհետև քաղաքական մանիպուլյացիաները և ապատեղեկատվության այս մասսայական տարածումը անլրջացնում է այս գործընթացը »:
Բոշյանի խոսքով՝ նախկին իշխանությունները վերարտադրվելու համար օգտագործում են մանիպուլյատիվ գործիքներ, ինչն անզորության քայլ է:
Մեր պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է օտարերկրյա գործակալների մասին, սակայն առարկայական որևէ փաստ չի ներկայացվել, մինչդեռ Միքայել Մինասյանը Արարատ Միրզոյանի ստորագրությամբ փաստաթուղթ է հրապարակել, իշխող ուժի պատգամավորն արձագանքեց.
«Կարծում եմ՝ ոչ մի դժվարություն չի ներկայացնում տարբեր գրություններ պատրաստել և ներկայացնել հանրությանը, իսկ ինչ վերաբերում է օտարերկրյա գործակալական տարբեր ցանցերի հնարավոր պնդումներին, մենք ունենք պատասխանատուներ, կա ԱԱԾ, այնպես որ հարցն այդ տիրույթում է»: