Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ինչո՞ւ է Պրեմիեր լիգայի նորեկ «Վանը» մարզվում առանց գլխավոր մարզչի

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նորեկ Չարենցավանի «Վանը» առաջնության երկրորդ կեսին սկսել է պատրաստվել հունվարի 8-ից։ Առաջին մարզումն թիմն անցկացրել է գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի ղեկավարությամբ։ Սակայն, վերջին մի քանի օրերին նա չի մասնակցում թիմի պարապմունքներին։ Դա պարզ երևում է նաև ակումբի ֆեյսբուքյան էջի կողմից տրամադրած լուսանկարներից։ Պարզաբանման համար «Ա1+»-ը դիմեց մասնագետին։

«Առայժմ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել։ Փաստն այն է, որ ես և իմ օգնականները այժմ չենք մասնակցում թիմի մարզումային գործընթացին։ Սպասում եմ ակումբի նախագահի հետ հանդիպմանը։ Դրանից հետո նոր ամեն ինչ պարզ կդառնա։ Տեսնենք, վերջնական ինչ որոշում կընդունվի։ Ցավալին այն է, որ անավարտ ենք մնում ամիսներով կատարած մեր աշխատանքները», - ասաց մարզիչը։

Նշենք, որ Սևադա Արզումանյանը Չարենցավանի «Վանի» հիմնադրումից սկսած եղել է թիմում՝ սկզբում որպես սպորտային տնօրեն, ապա՝ գլխավոր մարզիչ։