Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի խաղաղապահները զբաղվում են հայ գերիների հարցով. Լավրով

Ռուսաստանի խաղաղապահները, գեներալ Ռուստամ Մուրադովը զբաղվում են հայ գերիների հարցով։ Սակայն քանի հայ գերի կա Ադրբեջանում այսօր՝ հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ երբ են հայ գերիները վերադառնալու տուն։ Այդ մասին այսօր անցած տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ազատությունը:

Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Լավրովը նաև ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված՝ սա ապագայում քննարկվելիք հարց է։ Այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելուն մոտիկ հարց անգամ չկա Մոսկվայի օրակարգում։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք հայաստանցի պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այցելել Ղարաբաղ և այնտեղ հայտարարություններ անել, Լավրով ասել է, որ Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, և սա այն հարցն է, որ երբեք չի քննարկվել։ Ակնհայտ է, որ այդ կապը պետք է լինի, և հայաստանցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են Ղարաբաղում հումանիտար գործընթացներում, Ղարաբաղ այցելելու իրավունք ունեն, հենց դրա համար գոյություն ունի Լաչինի միջանցքը։ Այլ հարց է, որ հավանաբար պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել Ստեփանակերտում, հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ վերհիշելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը, հայկական կողմին ըստ էության մեղադրելով պատերազմը հրահրելու մեջ։

Աղբյուր՝ Ազատություն