Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին ՀՀ-ում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները (տեսանյութ)

«Ես խիստ հիասթափված եմ մրցույթի արդյունքներից, այս մրցույթի արդյունքներով հայաստանյան եթերը չի մաքրվելու», - «Մեդիա Կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի արդյունքներին։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ հայաստանյան եթերն ընդհանուր առմամբ շատ ավելի վատն է դարձել՝ ատելության խոսքի, վիրավորանքի և զրպարտության, մանիպուլյացիաների տեսանկյունից, կողմնակալության դրսևորումներն էլ շատ ավելի ուժեղացել են։ Եվ սա նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեղքն է

«Ես խիստ կասկածում եմ, որ մայրաքաղաքային և հանրապետական սփռման մի քանի հեռուստաընկերություններ գնահատում և հասկանում են՝ ինչ է նշանակում հանրային շահը և կկարողանան քաղաքական շահեր սպասարկելու տենդը ինչպես պետք է հաղթահարել», - ասաց նա։

 

Լիցենզավորման գործընթացը, ըստ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի, շատ լուրջ բացեր ունի։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ դաշտում չկա հստակ ռազմավարություն․

 

«Այն հեռուստաընկերությունները, որոնք եթերում են և չունեն արձանագրված լուրջ խնդիրներ, որոնք թույլ են տալիս և նույնիսկ պահանջում են, որ դրանք զրկվեն եթերից, պետք է մնան եթերում», - ասաց նա։ 

Հիմնականում լիցենզավորման այս մրցույթներն անցկացվում են սուր քաղաքական իրադարձություններից հետո, -հիշեցնում է  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ 2002-ին բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք անցանկալի էին իշխանության համար, եթերազրկվեցին։ Իսկ մնացածներն իրենց գործունեության քաղաքական շեշտադրումները բավականին փոխեցին՝ հարմարվելով նոր իշխանություններին․

 

«Շատերը սպասում էին, որ նման իրավիճակ կլինի նաև այս անգամ։ Սակայն մենք տեսանք, որ իշխանությանը քննադատաբար վերաբերող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները մնացին եթերում։ Մենք տեսանք մի իրավիճակ, երբ երկրում քաղաքական փոփոխությունները չեն ազդում հեռարձակվող լրատվամիջոցների ցանկի վրա», - ասաց Բորիս Նավասարդյանը։

Աշոտ Մելիքյանը նույնպես անդրադառնալով քաղաքական ենթատեքստին նշեց, որ տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովն աշխատել է լիցենզիաներ տրամադրել բոլոր այն հեռուստաընկերություններին, որոնք ասոցացվում են տարբեր քաղաքական ուժերի հետ։ Կարծես այս տեսանկյունից է փորձ կատարվել հավասարակշռությունը պահել։

Քանի որ մայրաքաղաքային սլոթի համար մեկ թափուր տեղ է մնացել, Աշոտ Մելիքյանը հույս հայտնեց, որ հանրապետական սփռման արտոնագիր չստացած  «Ա1+»-ը կպայքարի դրա համար այն պարզ պատճառով, որ 20 տարի շարունակ տեղի ունեցած անարդարությունը հնարավոր լինի հաղթահարել․

«Ծայրահեղ անարդար և ծայրահեղ անտրամաբանական իրավիճակում է գտնվել «Ա1+»-ը և 20 տարի շարունակ աշխատել է ինֆորմացիոն դաշտում մնալ որպես նկատվող լրատվամիջոց և եթե ինքն իր մեջ տեսնում է եթեր վերադառնալու հնարավորությունը, ուրեմն պետք է շատ ըմբռնումով մոտենալ դրան։ Իհարկե, որոշումը «Ա1+»-ինն է, բայց ես շատ կցանկանայի, որ նրանք մասնակցեն քաղաքային սլոթի մրցույթին», - ասաց նա։

Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ պետք է լիցենզավորումից դուրս մնացած լրատվամիջոցների համար նոր հնարավորություններ ստեղծվեն․

«Ի վերջո, եթեր չստացած հեռարձակողները բավականին քիչ են, և նույնիսկ ամոթ է պետության համար՝ նրանց վերգետնյա հեռարձակման հնարավորություն չտալը», - ասաց նա։