Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Աթլետիկի» երրորդ Սուպերգավաթը, Լիոնել Մեսիի առաջին կարմիր քարտը (տեսանյութ)

Բիլբաոյի «Աթլետիկ» ֆուտբոլային ակումբը իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը՝ եզրափակիչում 3:2 հաշվով հաղթելով «Բարսելոնային»:

Սևիլյայում կայացած հանդիպումը հաջող սկսեցին բարսելոնացիները, որոնք առաջին խաղակեսի 40-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ ֆրանսիացի Անտուան Գրիզմանը: Սակայն երկու րոպե անց բասկերի պաշտպան Օսկար դե Մարկոսը խփեց պատասխան գոլը:

Երկրորդ կեսի 77-րդ րոպեին կրկին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվողը, և «Բարսելոնան» երկրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Մինչև 90-րդ րոպեն կատալոնյան ակումբը մոտ էր պատմական հաղթանակին, քանի որ այն 633 օր շարունակ չի կարողանում հաղթել եզրափակիչներում և գավաթ նվաճել: Սակայն, հանդիպման վերջին րոպեին «Աթլեթիկը» երկրորդ գոլը խփեց և հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: 

Լրացուցիչ ժամանակը վստահ սկսեցին բասկ ֆուտբոլիստները, և արդեն երրորդ րոպեին երրորդ անգամ գրավեցին կատալոնցիների դարպասը: Աչքի ընկավ «Աթլետիկի» միակ այլազգի խաղացող Ինյակի Ուիլյամսը (ֆուտբոլիստի մայրն է ազգությամբ բասկ): Իսկ հանդիպման ամենավերջում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին մրցակցի գլխին ձեռքով հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից: Դա արգենտինացի ֆուտբոլիստի առաջին կարմիր քարտն էր իր կարիերայի ընթացքում:

Նշենք, որ «Աթլետիկը» մինչ այդ Իսպանիայի Սուպերգավաթը նվաճել էր 1984 և 2015 թվականներին, իսկ ահա «Բարսելոնան» 13 անգամ է տիրել այդ մրցանակին, ինչը իսպանական ռեկորդ է: