Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0139252
A A
Պաշտոնական

Մեկ օրում մոտ 190 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել

Մեկ օրում ևս 189 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել։

Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր վերադարձածների թիվը հասավ 49827–ի։

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 21 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 193 պայթյունավտանգ առարկա։ 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 723 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: