Բացել լրահոսը Փակել լրահոսը
139649314_858269008343052_3303853939800391849_n
A A
Հասարակություն

Վճռաբեկը վարույթ դեռ չի ընդունել, Հ1-ը ֆինանսներ է ակնկալում

Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը դիմել են Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման, որով բեկանվել է առաջին ատյանի դատարանի՝ լրագրողների օգտին կայացրած վճիռն ու դարձյալ ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ 

Հիշեցնենք՝ Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը դիմել էին դատարան՝ համարելով, որ իրենց անհիմն, ապօրինի որոշմամբ են աշխատանքից ազատել։ Լրագրողները վիճարկում էին Հանրային հեռուստառադիոխորհրդի որոշումը և դրանից ածանցվող Հայասատանի Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի՝ իրենց աշխատանքից ազատելու հրամանները։ 

Լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ Վճռաբեկ դատարան են դիմել նոյեմբերի 5-ին, դատարանը դեռ վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում չի կայացրել, սակայն պատասխանող կողմից արդեն նամակ են ստացել դատական ծախսերի վերաբերյալ, ինչը, ըստ փաստաբանի, շտապողականություն է․ 

«Պատասխանող կողմից ներկայացվել է պայմանագիր՝ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և փաստաբանի միջև կնքված, որում նշվում է դատական ծախերի մասին, խոսք է գնում մոտ 940 հազար դրամի մասին, այսինքն՝ եթե լրագրողների հայցը չբավարարվի, ապա պարտավորեցնում են փոխհատուցել դատական ծախսերը»։

 Փաստաբանի խոսքով՝ տրամաբանական չէ, որ լրագրողները պետք է այդքան գումար փոխհատուցեն, եթե, օրինակ, վարույթ չընդունվի լրագրողների հայցը․ 

«Լրագրողին ուղարկել 940 հազար դրամի պայմանագիր, սա երևի թե նպատակ է հետապնդում, որ հետագայում չբարձրաձայնվեն նմանատիպ հարցրեր, չխոսվի Հ1-ում տեղի ունեցող իրադարձությունների և «նախկիններից ազատվելու» մոլուցքի մասին։ Ցույց են տալիս, որ եթե դու քո իրավունքի պաշտպանության համար դիմում ես դատարան, մենք նաև պատրաստ ենք մաքսիմալ դատական ծախսեր փորձել բռնագանձել, ու այդպիսով փորձում են մյուսների աչքը վախեցնել»։ 

Ղազարյանը շեշտում է՝ Հանրային հեռուստաընկերությունն ունի իրավաբանական ստորաբաժանում, մասնավոր իրավաբանական ծառայությունների հետ պայմանագրերի կնքումն արդյո՞ք նպատակահարամար է և արդյունավետ՝ հարկատուների գումարը ծախսելու տեսանկյունից․

«Այս հարցին հարկատուները պետք է պատասխանեն՝ արդյո՞ք Հանրայինը ճիշտ է ծախսում հենց հարկատուների գումարները՝ այս կամ այն կազմակերպությունների հետ թանկարժեք ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով»։

Անդրադառնալով բուն գործին՝ փաստաբանն ասաց՝ ակնկալում են, որ այն վարույթ կընդունվի Վճռաբեկ դատարանի կողմից, կբեկանվի Վերաքննիչ դատարանի ակտը և վերջնական ու օբյեկտիվ որոշում կկայացվի։