Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 16.01.
A A
Սպորտ

«Լացիոյի» փոթորիկը «դերբիում», «Ռոման» կրկին ընկրկեց թոփ-6-ի առջև

«Լացիո» անունով փոթորիկ «դերբիում»: La Gazzetta dello Sport թերթը այսպիսի վերնագրով է լուսաբանել Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում կայացած Հռոմի հերթական «դերբին»: Բանն այն է, որ տեղի «Լացիոն» 3:0 հաշվով ջախջախել է «Ռոմային»:

«Լացիոն» գրավեց Հռոմը՝ ծնկի բերելով «Ռոմային»: Տանտերերը խփեցին երեք գոլ, բայց կարող էին 5-6 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Այն 90 րոպե պահպանեց իր «սրտի աշխատանքը»: Հակառակորդը նույնպես փորձեց «կենդանություն» դրսևորել, բայց շատ թույլ ստացվեց դա նրա մոտ: Համարյա՝ զրո: Զարմանալի է, որ «Ռոման» դեռ գտնվում է 3-րդ հորիզոնականում, քանի որ Ա սերիայում առաջին ութ տեղերը զբաղեցնող թիմերի հետ պայքարում «Գայլերը» վաստակել են ընդամենը 4 միավոր՝ ոչ-ոքի ավարտելով 4 խաղ: «Ռոման» երբ հանդիպում է առաջնակարգ թիմերի հետ, սկսում է զգուշանալ, կորցնում է խաղային ձեռագիրը, կարգապահությունը, ձախողվում է տակտիկապես: Կորցրած միավորներով «Ռոման» արդեն 3-րդը չէ: Չեմպիոնական ուղու համար պետք է միավորներ վաստակել նաև գլխավոր մրցակիցների հետ մարտերում», - գրում է թերթը:

Ինչպես նշում է Forzaroma կայքը, «Ռոման» ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ բավական անհաջող է հանդես գալիս Ա սերիայի այսպես կոչված թոփ-6 թիմերի հետ: Դրանք են «Յուվենթուսը», «Ինտերը», «Միլանը», «Լացիոն», «Նապոլին» և «Ատալանտան»: Անցած մեկուկես մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը 18 անգամ հանդիպել է այդ թիմերի հետ, որոնցից միայն երեքում է կարողացել հաղթանակ տանել, իսկ ութ խաղում պարտություն է կրել: Ինչպես նշում է աղբյուրը, անգամ 8-րդ տեղում գտնվող «Սասուոլոն» ավելի հաջող է խաղացել այդ թիմերի հետ՝ վաստակելով 20 միավոր:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում առաջին անգամ մասնակցեց հռոմեական «դերբիին»: Նա առանց փոխարինման անցկացրեց հանդիպումը: Վերը նշված լրատվամիջոցները նրա խաղը գնահատել են 5 բալով:

«Նա «Ռոմայի» ամենավտանգավոր խաղացողն էր: Անընդհատ փորձում էր սրել խաղը, վտանգավոր պահեր ստեղծել, օգնել առջևում գտնվող Ջեկոյին: Հայ ֆուտբոլիստը աշխատում էր պահպանել արագ տեմպը, սակայն երկրորդ խաղակեսում նա արդեն «մաշված» տեսք ուներ», - այդպես է գրել Մխիթարյանի մասին Forzaroma կայքը:

Այս պարտությունից հետո «Ռոման» 34 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը, սակայն նրան հաջորդող երեք թիմերը երկուական խաղ քիչ են անցկացրել և հռոմեական ակումբին շրջանցելու լավ շանսեր ունեն: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 23-ին: Այդ օրը «Գայլերը» սեփական դաշտում կընդունեն «Սպեցիային»: