Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Այսօր զբոսաշրջային ոլորտը փրկելու եւ պահպանելու խնդիր ունենք»․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

Կորոնավիրուսի հետևանքով թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում զբոսաշրջային այցելությունները զգալիորեն նվազել են։ Դա Հայաստանում զբոսաշրջային ոլորտի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020թ․ առաջին 10 ամիսներին զբոսաշրջությունը մոտ 70%—ով նվազել է ամբողջ աշխարհում։

Մոտավորապես 900 մլն այցելություն պակասել է 2019-ի համեմատությամբ։ Ամբողջ տարվա տվյալները թեև ամփոփված չեն, բայց սպասվում է մոտ 1 մլրդ այցելությունով պակաս նախորդ տարվա համեմատությամբ։

Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 77%-ով պակաս է եղել 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Արտագնան նվազել է՝ մոտ 78%-ով։

Զբոսաշրջային ոլորտի զգալի պասիվությունը մեծ վնաս էր նաև այն կազմակերպությունների, ընկերությունների և հյուրանոցների համար, որոնք ինչ-որ չափով կապված չէին ներքին զբոսաշրջության հետ։ Փաստացի նրանց աշխատանքն ամբողջապես կանգնած էր․

«Այդ ընկերություններին որոշակի օգնություն տրամադրվեց կորոնավիսրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով։ Սակայն այսօր արդեն մենք ոլորտը պահպանելու, փրկելու խնդիր ունենք։ Դրա համար շատ կարևոր է, որ օր առաջ զբոսաշրջային ոլորտի համար ունենանք պատերազմի և կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող նոր ծրագրեր», - ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով, Էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված երկնիշ տնտեսական աճն առանց զբոսաշրջության գրեթե անհնար կլինի։ Զբոսաշրջության կարևորագույն դերը պետք է ընկալել ոչ միայն տնտեսական ենթատեքստում, այլև սոցիալական, մշակութային և քաղաքական։

Զբոսաշրջության համար այս ծանր իրավիճակի ելքերից գլխավորը, ըստ Ապրեսյանի, մարքեթինգային շատ լուրջ քայլերն են, որ կարողանանք հասցնել աշխարհին՝ մեր երկրում անվտանգ է այս պահին։

«Պետք է օգտագործենք մեր բոլոր միջոցները՝ դիվանագիտական ուղիներով, սփյուռքի ներուժն օգտագործելով, որ չընկնենք այցելության համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում։ Ընդհակառակը, պետք է մարդկանց հասցնել, որ մեզ մոտ անվտանգ է բոլոր առումներով, այդ թվում՝ հանրային առողջության պահպանման։ Զբոսաշրջությունը շատ հզոր ֆենոմեն է, որը մենք պետք է կարողանանք օգտագործել՝ մեր խնդիրները լուծելու համար», - ասաց նա։

Ելքերից ևս մեկն էլ մեր գործարար հանրությանը և ոչ միայն առկա իրավիճակին ծանոթացնելն է․ «Այսինքն՝ հստակ տեղեկացնել՝ ինչպիսի իրավիճակ է Հայաստանում այսօր կորոնավիրուսով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, որ ուղղություններով կարելի է զբոսաշրջային երթուղիներ մշակել, կորոնավիրուսի առումով երկրում որ հատվածներն են առավել վտանգավոր զբոսաշրջության համար, դեպի Արցախ ինչպիսին պետք է լինեն զբոսաշրջային այցելությունները և ինչ պայմաններով» - ասաց Մեխակ Ապրեսյանը։