Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանը մերժել է Մոսկվայում դրված խնդիրները․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

«Մոսկվան այդպես էլ չկանգնեց իր դաշնակցի կողքին, որովհետև չէր ուզում կորցնել Ադրբեջանը և Բաքվի ու Անկարայի հարցում հայտնվել թշնամու կարգավիճակում»,- անդրադառնալով գերիների վերադարձի՝ դեռևս չլուծված հարցին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ա1+»-ի հարցին, թե ինչու Ռուսաստանը գոնե չփորձեց վերադարձնել արդեն հրադադարից հետո Հադրութի Խծաբերդ և Հին թաղեր համայնքներից գերեվարած 62 գերիներին, Բադալյանը պատասխանեց, թե այս դեպքում  ավելի  հետաքրքիր է, թե հայկական վերահսկողության տակ մնացած այս տարածքներում ինչու առաջին իսկ պահից չէին տեղակայվել ռուս խաղաղապահների հսկիչ կետերը։

Քաղաքագետը գտնում է, որ դա չէր կարող պատահական լինել, և դա կարող էր լինել ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա փոխադարձ համաձայնությամբ։ «Եվ այստեղ հարցեր են առաջանում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարներին՝ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ գրեթե անկլավային հատվածում պետք էր առաջին հերթին ուշադրություն դարձվեր։ Եվ պետք է անեին առավելագույնը խաղաղապահների ներկայությունն ապահովելու համար։ Արդյոք հայկական կողմը առաջարկել է, և ինչ է պատասխանել ռուսական կողմը։ Հարցեր են, որ պետք է պատասխան ստանան»,- ասում է Հ․Բադալյանը։

Վերջինս գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մերժել է դրված խնդիրները, դրա համար էլ գերիների վերադարձի հարցը չի լուծվել։ Նրա ներկայացմամբ՝ այդ մերժված խնդիրները վերաբերել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լրացուցիչ իրավունքներ ստանալուն։

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Հ․Բադալյանը գտնում է, որ ՌԴ-ն որոշ խաղացողների, ներքաղաքական դիմակայության միջոցով փորձում է մաքրվել գերիների ու ընդհանրապես պատերազմի հարցում իր պատասխանատվությունից։

Մանրամասները՝  տեսանյութում