Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի․Արման Թաթոյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացին։ Վերջինս մի քանի շեշտադրում կատարեց՝ արդյո՞ք մենք ունենում ենք մարդու իրավունքների խախտումններ սահմանների որոշման արդյունքում, արդյո՞ք վտանգվում է մեր երկրի սահմանների անվտանգությունը, արդյո՞ք մենք այս ամենի արդյունքում ունենում ենք խաղաղություն և համերաշխություն մեր ժողովրդի իրավունքի տեսանկյունից։

Թաթոյանն ասում է՝ մի քանի խնդրահարույց իրավիճակներ են արձանագրել․ «Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղում Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի, սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Գլխավոր կիրառվող մեթոդներից նշվում է GPS համակարգը, մենք տեղում օգտագործեցինք նաև այլ մասնավոր ընկերությունների քարտեզներ, որոնք այս գյուղը ամբողջությամբ ցույց են տալիս հայկական»։

Թաթոյանը հավելում է նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած ճանապարհների որոշ հատվածներում տեղադրված են ադրբեջանական ցուցանակներ, որոնց տեղադրումը ուղեկցվում է սադրանքներով․

«Ադրբեջանի զինվորների կողմից այդ ցուցանակների տեղադրումները կատարվում են բացահայտ սադրանքներով, նրանք պարբերաբար հայտնվում են զենքի բացարձակ ցուցադրությամբ, իսկ սրանք մեր խաղաղ բնակավայրերը իրար կապող ճանապարհներ են»։

Թաթոյանը հավելում է նաև՝ բաժանված հատվածներում մեր կողմից խաղաղ բնակիչներ են, իսկ ադրբեջանական կողմում զինված մարդիկ են․ «Սա ոչ միայն Գորիսի հատվածում է կամ խոշորացված համայնքում, այլ նաև մենք ունենք այսպիսի դեպքեր Կապանի օդանավակայանի տարածքում, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ այստեղ ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև անմիջապես օդանավականի հարևանությամբ Մ2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանին։ Սպառնալիքի տակ են հայտնվել նաև Կապանի բնակելի վայրերը»։

Խնդիր կա նաև Կապանից դեպի Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղեր տանող ճանապարհների հետ կապված, մի քանի հատվածներում ևս ադրբեջանական դրոշներ են, այնտեղ զինված մարդիկ են,- արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը և հավելում, որ Սյունքի մարզի մի շարք այլ գյուղեր ևս սպառնալիքի տակ են հայտնվել մեխանիկական մոտեցման պատճառով։

Նույն խնդիրներն առկա են նաև Գեղարքունիքի մարզում,-ասում է Արման Թաթոյանը։

Թաթոյանը շեշտում է՝ Ադրբեջանում շարունակվում է հայատյացության քարոզը, ընդամենն օրեր առաջ Ադրբեջանը կատարում էր պատերազմական հանցագործություններ, և հենց սահմանների կոնտեքստում պետք է դիտարկել մեր բնակչության անվտանգության ապահովումը։

Շուռնուխում 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը, որոնց սեփականության վկայականները մարդիկ ունեն, Որոտան գյուղի դեպքում մարդիկ զրկվել են մոտավորապես 326 հա-ից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները շահագործելու հնարավորությունից: Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են մոտ 60 հա-ից ավելի հողատարածք օգտագործելու հնավորությունից,-հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում ևս մարդիկ զրկվել են արոտավայրերից։