Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Պաշտոնական

Ինչպես մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նոր շունչ տալ 40-ամյա թանգարանին. լուսանկարներ

  Վերջերս Ծաղկաձոր քաղաքի  Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվեց «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Յուրօրինակ ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ  և  տեղական  նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Այս  նոր ձևաչափը կնպաստի այցելուների թվի աճին, մանավանդ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության կենտրոններից է, իսկ քաղաքի միակ մշակութային օջախը 1980թ. հիմնադրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է, որը  տարեկան շուրջ ութ հազար այցելու է ունենում:
  Տուն-թանգարանի  այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։
   1928-1932թթ. Սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու և երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը  թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր պահում: Ստալինի` 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաև Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա  դիմեց  այդ տարիների համար աննախադեպ քայլի.  նամակ  գրեց Ստալինին ու բացատրեց, թե այդ քայլը ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը և մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի  հետ:   Օրբելին ստացավ իր նամակի դրական պատասխանը, որը փրկեց ոչ միայն Էրմիտաժը, այլև երկրի  շատ  մշակութային  օջախներ:  Այդ քայլով  նա  կարողացավ փրկել և սերունդներին հանձնել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները,  որոնց   հետ   այսօր    հաղորդակցվում  են   Էրմիտաժի   հյուրերը. դա   անկասկած   Հովսեփ   Օրբելու   արժանիքն է:

   «Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով   Հովսեփ  Օրբելու  կատարած սխրանքը: 

  «Փոքրիկ Շլիման» խորագիրը  կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ  մեր նոր կրթական ծրագիրը, որը իրականացվել է  ԿԳՄՍ նախարարության  <<Աջակցություն  մշակութային  կրթության  ծրագրերին  ու միջացառումներին>> դրամաշնորհային ծրագրով,  կարող է  հիանալի   նվեր լինել   աշակերտների  համար:

 Ակադեմիկոս   Հովսեփ Օրբելին անցկացրել է պեղումներ  քաղաքամայր Անիում, Վանում և Ամբերդում:  Պեղումների  արդյունքում  Անիից   դուրս   են   բերվել բազմաթիվ  հնագիտական նյութեր , Ամբերդից՝ ծաղրածուի կմախք և աքաղաղ, իսկ Վանում դուրս է բերվել Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը:  

 Խաղի էությունը կայանում է նրանում, որ երեխան կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը՝ Անի, Ամբերդ կամ Վան, կարող է ընտրել նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքներ:   Արդյունքում՝  օրինակ եթե պեղվել է Ամբերդը ու դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, երեխան էկրանի վրա կկարդա <<Ամբերդի ծաղրածուի>> մասին  հետաքրքիր  պատմությունը,  իսկ  որպես  մրցանակ երեխային կտրվի միջնադարյան  առակ՝  բացիկի տեսքով:

   Մենք նոր  կրթական ծրագիր  ունենք նաև  փոքրիկների համար։ Ուզո՞ւմ եք իմանալ, ովքեր են    հանճարեղ գիտնականները,  ուրեմն  դիտեք  «Նրանք երեքն էին»      անիմացիոն  ֆիլմը,  որը  պատմում  է  Օրբելի եղբայրների կյանքի մասին:

   Այս ծրագրերը  դարձել  են  տուն-թանգարանի մշտական ցուցադրության մասը և արդիականացրել ծառայությունների մատուցման ձևերը՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ,  որը  կնպաստի  նաև զբոսաշրջության զարգացմանը: 

 

   2020թ. Օրբելի եղբայրների տուն-թանգարանը  նշեց   հիմնադրման 40-ամյակը, իսկ  այս ծրագերի ներդնումը  լավագույն  նվերն էր   տուն-թանգարանի  համար:   

 

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն՝ Մարինե Բունիաթյան