«Ամանորին սննդային թունավորումներ ընդհանրապես չեն եղել»․ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇտապօգնության կանչերը 2020թ․-ին զգալիորեն ավելի են եղել նախորդ տարվա համեմատությամբ, այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Երևան քաղաքի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նրա փոխանցմամբ ՝ շտապօգնությունը 2020թ․-ին ստացել է 322․167 կանչ, որը 59․726 կանչով ավելի է 2019թ․-ից։ Մանկական կանչերի թիվը, ընդհակառակը, բավականին նվազել է՝ 8071-ով։ Իսկ հիվանդանոց տեղափոխվածների թիվը նվազել է 3911-ով։
Կորունավիրուսով պայմանավորված կանչերը եղել են 15․420-ը և առավելագույնը՝ 2580 կանչ, եղել է մայիս ամսին։ Նվազագույնը եղել է օգոստոսին՝ 864 կանչ։
Կանչերի պատճառների մասին խոսելով՝ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ինչպես միշտ, 2020-ին ևս սիրտանոթային հիվանդությունների պատճառով կանչերի թիվն առաջին տեղում է։ Դրան հաջորդում են սուր շնչառական վարակների և վնասվածքների հետևանքով կանչերը։ Բայց, այնուամենայնիվ, վնասվածքներով մարդկանց 4068 կանչով ավելի քիչ են սպասարկել, քան 2019-ին։
Ամանորյա օրերն էլ, Թագուհի Ստեփանյանի խոսքով, անցել են առավել հանգիստ, քան անցյալ տարի․ «Մենք սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցյալ տարի։ Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533, հիվանդանոց է տեղափոխվել՝ 1204 հիվանդ, որը 453-ով ավելի քիչ է անցյալ տարվա համեմատությամբ։ Ամանորին սննդային թունավորումներ ընդհանրապես չեն եղել, ալկոհոլային դեպքերը 27-ն են», - նշեց նա։
Հարցին՝ թե արդյո՞ք կորոնավիրուսով պայմանավորված եղել են դեպքեր, երբ շտապօգնությունը չի հասցրել արձագանքել կանչերին և մերժել է հիվանդներին, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ կանչերը որոշ դեպքերում ոչ թե մերժվել են, այլ սպասարկվել են ավելի ուշ՝ առաջին հերթին արձագանքելով անհետաձգելի կանչերին։
Քանի որ հիվանդանոցները ծանրաբեռնված էին և որոշ հատվածներում հնարավոր չէր հիվանդներին հոսպիտալացնել, շտապօգնության աշխատակիցները ստիպված էին լինում 20 րոպեի փոխարեն 2 ժամ մնալ հիվանդի տանը՝ ցույց տալով անհրաժեշտ օգնությունը և բավարարելով հիվանդի թթվածնի պահանջը։ Այսինքն, ուշացումները երբեմն պայմանավորված էին ոչ թե բրիգադների պակասությամբ կամ աշխատանքի թերությամբ, այլ կանչերի ժամանակի երկարությամբ։ Ընդհակառակը, այդ ժամանակ բրիգադների թիվն ավելացավ 5-ով։