Հենրիխ Մխիթարյանն արդյունավետությամբ երրորդն է Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր արդյունավետությամբ (գոլ+գոլային փոխանցում) այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը Եվրոպայի թոփ 5 առաջնություններում: Այդ մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport թերթը, որն այսօրվա համարում մեկ էջ է նվիրել հայազգի ֆուտբոլիստին:
Ինչպես նշում է աղբյուրը, Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնության «Կրոտոնեի» հետ խաղում խփած գոլից հետո գերազանցել է նախորդ մրցաշրջանի արդյունավետության ցուցանիշը: Ընթացիկ մրցաշրջանում մեր ֆուտբոլիստն արդեն դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, ինչը մեկով ավելին է նախորդ մրցաշրջանի համեմատ (9+5):
Հենրիխ Մխիթարյանը թոփ 5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների մեջ իր արդյունավետությամբ առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին (10+11) և «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Բրունո Ֆերնանդեշին (11+7):
«Ռոման», որը Ա սերիայի աղյուսակում այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը, առաջիկա խաղում կհանդիպի իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Միլանի «Ինտերի» հետ, որից ետ է մնում ընդամենը 3 միավորով: