Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մտավ Շարջայի գավաթի եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի LiChess հարթակով այսօր մեկնարկեց կանանց շախմատի Շարջայի գավաթի թվով 11-րդ խաղարկությունը:
Մասնակից 307 շախմատիստուհիները կայծակնային շախմատի 3+1 ձևաչափով անցկացրին 13-ական պարտիա: Մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Մերի Արաբիձեն, որը վաստակեց 11 միավոր: Մրցանակային 2-3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին բելառուսցի Ալեքսանդրա Տարասենկոն և ղազախստանցի Բիբիսարա Ասաուբաևան, որոնք առաջատարից ետ մնացին կես բալով:
Հայաստանի ութ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ Մարիա Գևորգյանը: Նա վաստակած 10 միավորով բաժանեց 5-14-րդ տեղերը: Մարիա Գևորգյանը մտավ եզրափակիչ փուլ, քանի որ տեղ գրավեց առաջին 25 հորիզոնականներում:
Մեր մյուս շախմատիստուհիները՝ Լիլիթ Մկրտչյանը, միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը, Սոնա Ասատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը, առաջին կարգայիններ Արփինե Գրիգորյանը և Նվարդ Հայրապետյանը, չկարողացան հաղթահարել այդ արգելքը և դուրս մնացին հետագա պայքարից:
Հունվարի 8-ին և 9-ին առաջին 25 տեղերը գրաված շախմատիստուհիները, ինչպես նաև կազմակերպիչների կողմից հրավիրված 10 նոր գրոսմայստերներըը, արագ շախմատի 15+5 ձևաչափով կանցկացնեն 9-ական պարտիա և կորոշեն խաղարկության հաղթողին:
Նշենք, որ մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է: Կպարգևատրվեն առաջին ութ տեղերը: Հաղթողը կստանա 1000 դոլար պարգևավճար: