Բացել լրահոսը Փակել լրահոսը
Best Smartphone This Year
A A
Հասարակություն

«Ա1+»-ը 30 տարեկան է

Հունվարի 3-ը մեր ծննդյան օրն է։

Տեսախցիկ  գտնել, սենյակ  վարձել, հեռուստահաղորդումներ ստեղծել․ այսօր սա իրականացնելը գրեթե  ջանք չի պահանջի։ Բայց երեսուն տարի առաջ այս օրը, երբ Խորհրդային Միությունը դեռ ամբողջովին չէր  փլուզվել, թվում էր անհնարին եւ անիրատեսական։

 Բայց մի խումբ նվիրյալների՝   հեռուստատեսության երկարամյա աշխատող Մեսրոպ Մովսեսյանի գլխավորությամբ,  այդ հաջողվեց։  Մի խումբ տաղանդավորներ՝  մի  տանիքի  տակ․ ու ստեղծվեց «Ա1» ստուդիան, որը  դարձավ «Ա1+» հեռուստաընկերության հիմքը։

 Խորհրդային իրականության մեջ առաջին անկախ հեռուստաալիքը, որը բոլորովին նոր որակ եւ գույն հաղորդեց հայաստանյան հեռուստաաշխարհին։  Բայց «Ա1»-յան աշխարհը չսահմանափակվեց հայաստանյան սահմաններով, եւ  90-ականներին՝ արցախյան առաջին պատերազմի մասին ռեպորտաժները ցուցադրվեցին օտարերկրյա հեռուստալիքներով։  

«Ա1»-ը 30 տարեկան է՝  Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին, ու ապրել է նույն դժվարություններն ու հաջողությունները, ինչպես մեր փոքրիկ հայրենիքը։

 Հեռուստաընկերության պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝ մինչեւ 1996թ, երբ փակվեց ստուդիան, որից հետո հիմնադիրը չհուսահատվեց եւ  ստեղծեց հեռուստաալիքը, մինչեւ 2002թ, երբ արդեն  «Ա1+»-ը  եթերազրկվեց քաղաքական վերնախավի պահանջով, եւ  դրանից հետո, երբ «Ա1+»-ներն ամեն ինչ արեցին  չփակվելու համար՝  ստեղծելով ինտերնետային կայք, մոբայլ նորություններ, օնլայն հեռուստատեսություն, եւ այլն։ 

«Ա1+»-ն իր 30-ամյա պատմության մեջ եղել է   հայաստանյան լրատվական իրականության մեջ առաջամարտիկ՝ չվախենալով  իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանելով այս ոլորտի զարգացմանը։

Հեռուստաընկերությունը ընդունել եւ ճանապարհել է  տարբեր սերունդների, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է  ունեցել ընկերության կայացման գործում։    Լրագրողներ, օպերատորներ, խմբագիրներ, մոնտաժողներ․․․եկել ու գնացել են՝ ամեն մեկն իր բաժինը թողնելով եւ իր մասնիկը տանելով։

 Եթե  չլինեին 2020թ  ողբերգական իրադարձությունները՝ մենք հաստատ այս օրը այլ կերպ կնշեինք․  30 տարին հեշտ չի եղել բոլորելը,  ձախողումները  հեշտ չի եղել հաղթահարելը, բայց մենք կարողացել ենք, ու քարը քարին դնելով, տխրելով եւ ժպտալով, պրոֆեսիոնալիզմն ու էթիկան առաջնային համարելով՝ կարողացել ենք մնալ կայուն եւ չկորցնել մեր դեմքը։

Սիրելի հեռուստադիտող, սիրելի ընթերցող,   30-ամյակը մեր  ու ձեր ձեռքբերումն է, ձեր հավատարամությունն ու  վստահությունն են  խթանում մեր աշխատանքը,  պարտադրում ոսկե կանոնը՝  ներկայացնել  անաչառ  եւ օբյեկտիվ լրատվություն՝  անկախ մեր տրամադրությանը, եղանակին եւ քաղաքական զարգացումներին։

Դիտեք Մեզ, ճանաչեք Ձեզ։

Հուսով ենք, որ տարվա ընթացքում մենք անպայման կնշենք  30-ամյակը` հին եւ նոր աշխատակիցների, բարեկամների, ընթերցողների մասնակցությամբ։